Շավարշ Քոչարյանը պարտադիր չի համարում ՀՀ-ի մասնակցությունը Վրաստանում անցկացվող զորավարժություններին. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել, որովհետև այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր:
«Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, և մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- նշել է փոխարտգործնախարարը:
Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանել է հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ նոր համաձայնագրի կնքման գործընթացի վերաբերյալ թերթի հարցին, ապա այս առումով Շավարշ Քոչարյանը ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից՝ մատնանշելով, թե նախագահը շատ հստակ ամեն ինչ ասել է, որևէ խնդիր չկա, և ինքը ասելու որևէ նոր բան չունի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: