«Արթուր Գևորգյանին դարձրեցին քավության նոխազ». Անահիտ Բախշյանը՝ նախադպրոցական կրթության մասին
«2017 թվականի կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա այն մասին, թե նախադպրոցական կրթությունն ինչպես պետք է շարունակվի՝ այն դեպքում, որ 2017-22-ի ծրագրում գրված է 5 կետ նախադպրոցական ծրագրի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ Երևանն այսօր ալեկոծված է նախադպրոցական հիմնարկների ընդունելության հերթագրման գործընթացով. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա հերթագրումն արգելել են և ինչ-որ նորմեր են մտցրել, նախադպրոցական կրթության ոլորտը մեկ օրենքով է առաջնորդվում, դա նախադպրոցական կրթության մասին օրենքն է, որը 2005 թվականին է ընդունվել, որտեղ սահմանված է, թե որն է նախադպրոցական տարիքը. 0-3՝ կրտսեր, 3-5՝ միջին, 5-6՝ ավագ: Նախադպրոցական տարիքն այսօր քաղաքապետարանը համարում է 3 տարեկանից ու ասում է՝ ծնող, 3 տարեկանում կբերես, կհերթագրես, երբ հերթդ կհասնի, քո երեխան գուցե դպրոցն էլ կավարտի: Էլ չեմ ասում, որ հերթագրման գործընթացն են կասեցրել այն դեպքում, երբ դա ՏԻՄ-ի պարտավորությունն է, ինքը պարտավոր է հաշվառել երեխաներին: Քաղաքապետարանը պարտավոր է այդ կրթությունը կազմակերպել, որովհետև նախադպրոցական կրթությունը համարվում է դպրոցական կրթության հիմք»:
Հարցին՝ օրենքը թույլ տալի՞ս է, որ ուսումնական տարվան ընդառաջ՝ հենց այդ փոփոխությունը կատարվի, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի օրենքի չի ենթարկվում այն, ինչ այսօր քաղաքապետարանն անում է, և այդ անելիքը հնչում է Արթուր Գևորգյանի շուրթերից, որն իրավասու չէ, ոլորտը չի ճանաչում, ու իրեն դարձրեցին քավության նոխազ՝ «դու վեր կաց, էս բաներն ասա»: Թող Կրթության վարչության պետն այդ հարցերին պատասխաներ: Տարվա այս ժամանակահատվածում այս փոփոխություններն ուղղակի ապօրինի են»:
Ասուլիսին ներկա կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ տեսակետ հայտնեց, որ մանկապարտեզների հարցն իրոք շատ լուրջ է. «Ամբողջ աշխարհը հիմա քարոզում է, որ, եթե նախադպրոցական կրթությունում ընդգրկվածությունդ ցածր է, դու լուրջ խնդիրներ ունես: Գիտեք, որ Հայաստանի թվերը շատ ցածր են. 0-6 տարեկան երեխաների 30 տոկոսն է մանկապարտեզում, ինչը շատ ցածր ցուցանիշ է: Այդտեղ արդեն մեր կրթական համակարգը ձախողվում է: Մենք անընդհատ խոսում ենք ավագ դպրոցի մասին, բայց դա արդեն շատ ուշ է, եթե ուզում եք երեխային սովորող դարձնել, վաղ մանկության տարիներն են կարևոր»:
Ս. Խաչատրյանի խոսքով՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: