«ԵՄ-ն պատրաստ է ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ». Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այս մասին հայտնում է NewEurope-ը:
«ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր պատժամիջոցների քաղաքականությունը և Հյուսիսային Կորեային հրավիրում է վերսկսել երկխոսությունն առանց նախապայմանների»,- իր հայտարարության մեջ նշել է Տուսկը:
ԵԽ նախագահը նման հայտարարություն է արել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի՝ ջրածնային ռումբի փորձարկման մասին կատարած հայտարարության:
Նախօրեին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին: Հյուսիսկորեական հեռուստատեսությունը հայտնել էր, որ փորձարկումն անցել է «լիարժեք հաջող»։ Փենյանում պարզաբանել են, որ փորձարկված սարքը կարող է որպես մարտագլխիկ տեղադրվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա։