Բաժիններ՝

Հայաստանում մալարիայի ոչ տեղական դեպք է արձանագրվել. սուդանցի աղջկա վիճակում դրական տեղաշարժ կա

Մալարիայով հիվանդ սուդանցի աղջիկ է հայտնաբերվել Հայաստանում. նա տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ 5 օրվա բուժումից հետո վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ կա:

«Հիվանդը դիմել էր մեզ օգոստոսի 28-ին: Հարավային Սուդանի բնակիչ է, սովորում է Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում»,-ասաց Ասոյանը:

Նրա խոսքով` հիվանդը Հայաստանում երկար ժամանակ չի մնացել: Հայաստան գալու հենց երրորդ օրը վատ է զգացել և դիմել բժշկի: Հիվանդությունն ախտորոշել են ու աղջկան հոսպիտալացրել:

«Հիվանդն արդեն հինգերորդ օրն է` բուժում է ստանում: Կա վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ: Դեռ չենք կարող ասել, թե քանի օր կմնա հիվանդանոցում»,-ասաց Ասոյանը:

Մալարիան վարակիչ հիվանդություն է: Տարածվում է միայն Anopheles ցեղի մոծակների միջոցով: Հիվանդությունն արտահայտվում է տենդով, դողով, փայծաղի չափի մեծացմամբ:

Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածքի այն երկիրն է, որին հաջողվել է էլիմինացնել հիվանդությունը: 2011-ին Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես մալարիայից ազատված երկիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս