Լեհաստանում միջոցառումներ են անցկացվել Երկրորդ աշխարհամարտի սկսվելու տարելիցի կապակցությամբ
Լեհաստանի ղեկավարությունը՝ նախագահ Անջեյ Դուդայի եւ վարչապետ Բեատա Շիդլոյի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 78-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հուշամիջոցառումներին։
Միջոցառումները միաժամանակ սկսվել են Լոձի վոյեվոդության Վելյուն քաղաքում եւ Գդանսկի Վեստերպլատե թերակղզում՝ այն վայրերում, որոնք առաջիններն ընդունեցին հիտլերյան բանակի հարվածը, առավոտյան 4:45-ին (Երեւանի ժամանակով 6:45-ին):
Սգո միջոցառումներից առաջինը դարձել է Վելյունում հիշատակի ծառուղու բացումը Պիլսուդսկու փողոցում, որտեղ պատերազմի սկսվելու պահին հոսպիտալ էր գտնվում: Ելույթ ունենալով Վելյունում՝ Դուդան հայտարարել է, որ պատերազմ սկսելու այդ եղանակն այժմ ահաբեկչական ակտ կանվանեին:
Վարչապետ Բեատա Շիդլոն ներկա էր Վեստերպլատե թերակղզում անցկացված միջոցառումներին. Գդանսկը (Դանցինգը) Ռայխի կազմ ներառելու պատրվակով հենց այս վայրն է սկսել գնդակոծել գերմանական Schleswig-Holstein գծանավը՝ սկիզբ դնելով պատերազմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: