«Մեզ պատմեցին, որ մարզպետը «շան լափ» է թափել տնօրենների գլխին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետարանում նոր ուստարվան ընդառաջ խորհրդակցություն է հրավիրվել, մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, ԿԳՆ պաշտոնյաներ, կրթության պատասխանատուներ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իսկական «մառոզ» է արել՝ բարձրացնելով դպրոցներում կարգուկանոնի, տնօրենների աշխատաոճի, գնահատականների արհեստական բարձրացման, կառավարման ու ծնողական խորհուրդների ոչ արդյունավետ գործունեության, դրամահավաքի և այլ հարցեր:

«Մեզ պատմեցին, որ նա «շան լափ» է թափել տնօրենների գլխին՝ կտրականապես արգելելով դրամահավաքը դպրոցներում: Հատուկ շեշտել է, թե խախտողները խստորեն կպատժվեն: Մարզպետն ավելի հեռուն է գնացել և բարոյախրատական ճառ ասել՝ հասարակության մեջ մանկավարժի դերի, հեղինակության բարձրացման մասին՝ խորհուրդ տալով մանկավարժական կոլեկտիվներին ինքնակատարելագործվել, վերափոխվել:

Անշուշտ, գովելի են այս ջանքերը, բայց աշխատաոճը փոխելու կարիք ունի նաև ինքը՝ մարզպետը, ով ԱԺ վերջին ընտրություններից հետո թիրախավորել էր մի քանի տնօրենների՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներին, և աշխատանքից ազատել Արտաշատի թիվ 4 դպրոցի տնօրենին՝ նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի քրոջը:

Հետո մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում ազատել Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին, ով ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի կանանց խորհրդի նախագահն էր և կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի հետ:

Թիրախում է նաև թիվ 3 դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է: Մարզպետը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա, երբ համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է, որոշել է լուծարել դպրոցը՝ անբարեկարգ վիճակի պատճառով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս