ԿԺԴՀ-ն մերժում է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը և կշարունակի հրթիռային փորձարկումները
ԿԺԴՀ-ն մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օգոստոսի 29-ին ընդունված հայտարարությունը, որում դատապարտվում է Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, եւ մտադիր է շարունակել այդօրինակ փորձարկումները: Այդ մասին ասված է հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 1-ին տարածել է ՑՏԱԿ գործակալությունը:
«Մենք ըստ ամենայնի մերժում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը, որը ոտնձգություն է ինքնիշխան պետության ինքնապաշտպանության իրավունքի դեմ»,- ընդգծել են ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում:
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն այսուհետեւ էլ մտադիր է բալիստիկ հրթիռներ արձակել դեպի Խաղաղ օվկիանոս՝ նպատակ ունենալով զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները եւ բարձրացնել երկրի մարտունակությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները եւ դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար: ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է, որ «ԿԺԴՀ-ն անհապաղ դադարեցնի այն գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար», ինչպես նաեւ կատարի ավելի վաղ ընդունված բանաձեւերը:
Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային արձակումը համարել է Փենյանի կողմից ԱՄՆ-ի Գուամ կղզուն, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, հարված հասցնելու «նախերգանքը»: ԿԺԴՀ-ի իշխանությունները հավաստել են, որ օգոստոսի 29-ին փորձարկել են «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Արձակմանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Կիմ Չեն Ընը: