Բաժիններ՝

ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 47-ի

ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 47-ի: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Փրկարարները շարունակում են որոնողական գործողությունները, զոհերի թիվը կարող է աճել:

Ինչպես հայտարարել է Տեխասի նահանգի՝ աղետից ամենից ավելի տուժած Հյուսթոնի քաղաքագլուխ Սիլվեստր Թյոռները, քաղաքի մի քանի շրջաններ դեռեւս հեղեղված են, սակայն աստիճանաբար սկսում են վերակենդանանալ: Շրջանների մեծ մասում վերականգնված է էլեկտրաէներգիայի մատակարարումը, սահմանափակ ռեժիմով աշխատում է հանրային տրանսպորտը, սկսել են բացվել խանութները:

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, երկրի Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունն ավելի քան 530 մլն դոլար գումարով բավարարել է նյութական օգնություն ցուցաբերելու դիմումները: Նման օգնության խնդրագրերով դիմել է ավելի քան 300 հազար քաղաքացի: ԱՄՆ-ի նախագահի՝ ներքին անվտանգության հարցերով օգնական Թոմ Բոսերթը հայտնել է, որ փոթորիկը վնասել է ավելի քան 100 հազար տուն:

«Հարվին» Տեխասին հարվածել է լույս օգոստոսի 26-ի գիշերը՝ դառնալով ամենահզոր փոթորիկն ԱՄՆ-ում վերջին 12 տարվա ընթացքում: Ավելի ուշ այն թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ, իսկ այնուհետեւ՝ ցիկլոն:

Այժմ «Հարվին» շարունակում է շաժվել դեպի մայրցամաքի խորքը եւ մոտենում է Թենեսիի նահանգի տարածքին: Տարերքի գոտում, որը ներկայում գտնվում է Մեմֆիս քաղաքից 140 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, քամու առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 13 մետրի: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ շատ շուտով «Հարվին» կարող Է կորցնել արեւադարձային ցիկլոնին բնորոշ գծերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս