Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի քաղաքական խումբը անվստահություն հայտնեց Ագրամունտին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է կազմակերպության աշխատակազմի մի աղբյուր: «Մեծամասնությունը քվեարկեց Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին»,-ասել է նա՝ հրաժարվելով նշել ստույգ թվեր:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ անվստահության քվեի օգտին քվեարկել է 38 պատգամավոր, դեմ՝ 26-ը: Ձեռնպահ են մնացել երկուսը:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմնի՝ Բյուրոյի նիստում, ոչ մի հատուկ հայտարարություն չի արվել Ագրամունտի հետ կապված իրադրության վերաբերյալ: Ապրիլյան նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ի ղեկավարը սխալ է համարել իր մարտյան ուղեւորությունը Սիրիա, դրանից անմիջապես հետո եվրախորհրդարանականները պահանջել են քվեարկություն անցկացնել անվստահության քվեի շուրջ: Սակայն կազմակերպության կանոնակարգը ընտրովի պաշտոններից, մասնավորապես ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնից, հեռացման մեխանիզմներ չի ենթադրում: Նա կարող Է պաշտոնը թողնել միայն կամավոր:

Նստաշրջանի աշխատանքի վերջին օրը ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմինը որոշել է, որ Ագրամունտը չի կարող հայտարարություններ անել եւ ուղեւորությունների մասնակցել Վեհաժողովի անունից: Բյուրոն կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասկեին հանձնարարել է պատրաստել փաստաթղթի նախագիծ, որում արծարծվում է Վեհաժողովի կողմից ԵԽԽՎ-ի կանոնակարգում ուղղումներ կատարելու հնարավորությունը՝ խոսնակի պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս