Բաժիններ՝

Քուշները և Աբասը քննարկել են մերձավորարևելյան հակամարտության կարգավորման վերագործարկումը

ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը հունիսի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արեւելքում հաշտության բանակցությունների վերսկսման հեռանկարները: Այդ մասին նույն օրն ավելի ուշ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Ռամալլահում կայացած բանակցությունների արդյունքները:

Հանդիպմանը Քուշների հետ միասին ԱՄՆ-ի կողմից մասնակցել են միջազգային բանակցություններում Դոնալդ Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը եւ Եղուսաղեմում գլխավոր հյուպատոս Դոնալդ Բլոումը:

«Կողմերն արդյունավետ հանդիպում են ունեցել, նրանք վերահաստատել են նախագահ Թրամփի առաջադրած նպատակին հասնելու հանձնառությունը, որը միտված է իսրայելացիների ու պաղեստինցիների միջեւ կայուն խաղաղության ապահովմանը եւ տարածաշրջանի կայունության ամրապնդմանը»,- ընդգծել է Սպիտակ տունը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին Քուշները եւ Գրինբլաթը Երուսաղեմում բանակցություններ են վարել նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Սպիտակ տան վկայությամբ, այժմ Քուշները եւ Գրինբլաթը կվերադառնան Վաշինգտոն եւ իսրայելացիների ու պաղեստինցիների հետ շփումների արդյունքների մասին կզեկուցեն Թրամփին, ազգային անվտանգության հարցերով նրա օգնական Հերբերթ Մաքմասթերին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, որպեսզի «շարունակեն երկխոսությունը հետագա քայլերի շուրջ»՝ հանուն Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս