«ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով G20-ին դժվար կլինի համաձայնեցնել կոմյունիկեն». Մերկել
G20-ը դժվարությունների է բախվում հուլիսին կայանալիք գագաթնաժողովի կոմյունիկեն համաձայնեցնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով տնտեսական համաժողովում:
«Մենք ձգտելու ենք հասնել հնարավոր առավելագույն փոխըմբռնման, թեեւ դա դյուրին չի լինելու ԱՄՆ-ի մոտեցումների պատճառով»,-ասել է նա, պարզաբանելով, որ նկատի ունի տարաձայնությունները առեւտրի ազատության հարցերի շուրջ: «Բայց մենք պետք է ջանքեր գործադրենք փոխըմբռնման հասնելու համար»,-հավելել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը:
Մերկելի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան առեւտրաներդրումային համագործակցության շուրջ բանակցությունների վերսկսմամբ: «Ես հանդես եմ գալու հօգուտ այն բանի, որ անդրատլանտյան տնտեսական գործընկերության այդ նախագիծը չսառեցվի, որպեսզի մենք այսուհետեւ էլ ընթանանք այդ ճանապարհով»,-ասել է նա: Ընդ որում՝ նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ին եւ Գերմանիային բաժին է ընկնում համաշխարհային առեւտրի մոտավորապես 30 տոկոսը:
ԳՖՀ-ի կանցլերը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում գլխավոր ռիսկը համարում է ԵՄ-ի շահերի անբավարար հաշվառումը: «Գլխավոր վտանգն այն է, որ մենք բավարար չափով հոգ չենք տանի սեփական շահերի, սեփական ապագայի մասին»,-նշել է նա: Մերկելն ընդգծել է, որ «ԵՄ-ի չորս հիմնական ազատությունները չպետք է խաղասեղանի վրա դրվեն բանակցությունների ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: