Բաժիններ՝

«Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը կհանգեցնի ճահճացման». Բարդուխ Գաբրիելյան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հաղորդմամբ՝ եթե այսօր Սևանա լճում ջրառն այնքան կատարվի, որ բերի ջրի մակարդակի իջեցման, ապա կունենանք անդառնալի բացասական երևույթներ, որովհետև Սևանը բարձրանալով՝ լվանում է ափամերձ գոտիները, դրանով իսկ ավելացնում է ջրի մեջ կենսածին տարրերը, այսինքն՝ այն տարրերը, որոնք բերում են ճահճացման:

Ըստ բանախոսի՝ այս իրավիճակից դուրս գալու համար կա երկու ելք. Առաջինը՝ ջրի մակարդակի բարձրացումն է, այսինքն՝ աղտոտման հարցը կարելի է լուծել՝ դրա քանակը նոսրացնելով: Նրա խոսքով՝ եթե ավելացվեն ջրի ծավալները, դրանով կնոսրացվեն աղտոտման քանակները, որի արդյունքում ճահճացում չի լինի: Իսկ երկրորդ ելքը, ըստ նրա՝ ջրից օրգանական նյութերի արտահանումն է ձկան միջոցով:

«Օրգանական նյութը, ներմուծվելով լճի մեջ, օգտագործվում է որոշ տեսակի բույսերով, որոնցով սնվում են անողնաշարավոր կենդանիները: Եթե այս շղթային հետևելով՝ բավականին չափ ձուկ հանվի, հետևաբար՝ նաև այդ օրգանական նյութերը, ապա ճահճացում չի լինի: Բայց քանի որ մեզ մոտ չկա բավարար քանակի ձուկ, այս հարցը չի կարելի լուծել ձկների միջոցով:

Ձուկը պետք է դիտել ոչ միայն՝ որպես արժեքավոր սննդի աղբյուր ժողովրդի համար, այլ դիտել՝ որպես ռազմավարական պաշար մեր երկրի համար: Այս երկրորդ հարցը հանելով՝ մեզ միայն մնում է ջրի բարձրացումը, այդ պատճառով շատ կարևոր է, որ այսօր չունենանք բացասական հաշվեկշիռ, որը կբերի ջրի մակարդակի իջեցման, այլապես կլինի ճահճացում, ջրի վատացում»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Կարդացեք նաև

Հունվարի 1-ի տվյալներով՝ Սևանա լճի մակարդակն անցած տարի բարձրացել է մոտավորապես 21-23 սմ-ով:

Ներկայումս խոսակցություններ են շրջանառվում, որ լճում ցանցավանդակները պետք է ավելացվեն: Սրա թողնելիք ազդեցության մասին Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ այս գործընթացը հենց սկսեց բացասական ազդել, պետք է կասեցվի: Բանախոսի խոսքով՝ ամեն տնտեսություն 12 ցանցավանդակ ունի: Իսկ այս ժամանակահատվածում մի տնտեսություն է գործում, որն ունի 2 գործող ցանցավանդակ, դրա համար չկա մտավախություն բացասական ազդեցություն թողնելու համար:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս