Բաժիններ՝

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետարանը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են Ինժեներական համաժողով-ցուցահանդես, որը կկայանա հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ իրենց նպատակն է՝ համախմբել ինժեներական ոլորտի կազմակերպություններին և ներկայացուցիչներին, քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի առաջընթացի մարտահրավերները, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում այնպիսի տեխնոլոգիական ուղղություններով, ինչպիսիք են՝

• Ավտոմատ կառավարվող մեքենաները
• 5G
• Կիսահաղորդիչների փորձարկման լուծումները
• Ռադիոհաճախականային և միկրոալիքային հավելվածները (RF and microwave)
• Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT):

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու տեղական, միջազգային ընկերությունների լուծումներին ու ծառայություններին, մասնակցելու մասնագիտական սեմինարների:

Բանախոսների և մոդերատորների շարքում են ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծումները և ծառայութունները կներկայացնեն շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո Գզելշաֆտ, Նեյշնլ Ինստթումենթս, Նաիրի-Թեք, Էլպիդա Էլեկտրոնիքս, UAV lab, Անոդ, Սեզամ ընկերությունները, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը:

Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս