«Թուրքիան բավականին ակտիվացրել է իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Կատարի ճգնաժամի շուրջ ստեղծված պայմաններում»

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ վերջին մեկ ամսում Թուրքիայում ավելի է սրվել պայքարը գյուլենականների դեմ: Վկայակոչելով HaberTurk լրատվական կայքը՝ նա նշեց, որ վերջին մեկ տարում փակվել են գյուլենականներին պատկանող 4000-ից ավելի գրասենյակներ և հաստատություններ։

«Գյուլենականների դեմ հատկապես որս է սկսվել երկրի ժանդարմերիայում, և վերջին մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել է 5000 ոստիկան, գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է առնվազն 130 մարդ։ Այդ թվում՝ սպառնում են զրկել հենց իրեն՝ Ֆեթուլլահ Գյուլենին»,- նշեց պարոն Խուդավերդյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Թուրքիան բավականին ակտիվացրել է իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Կատարի  ճգնաժամի շուրջ ստեղծված պայմաններում։

«Ինչպես նշում է թուրքական Jumhuriyet-ը` չնայած Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եմենը, Մալդիվյան կղզիները, և այլն, Թուրքիան հայտարարել է, որ մինչև վերջ Կատարի կողքին է լինելու և է՛լ ավելի է զարգացնելու Կատարի հետ հարաբերությունները։

Ըստ նույն թերթի՝ Էրդողանը դա հիմնավորել է նրանով, որ Թուրքիան պետք է կամաց-կամաց ավելի անկախացնի իր քաղաքականությունը, և շատ դեպքերում այլևս չպետք է հաշվի նստի նույնիսկ այն շահերի հետ, որոնք իրենց թելադրում է Արևմուտքը»,- ասաց թուրքագետը։

Ըստ նրա՝ Կատարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան Կատար է ուղարկել 90-120 թուրք զինվոր, Կատարում կապահովվի նաև Թուրքիայի ռազմածովային և օդային ուժերի ներկայությունը, իսկ մեկ այլ կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան լինելու է Կատարի սննդի և ջրի հիմնական մատակարարը։

«Այդ հարցով արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Կատարի իշխանությունները։ Յըլդըրըմն իր խոսքում հայտարարել է, որ չնայած արևմտամետ կողմնորոշում ունեցող երկրները խզել են Կատարի հետ հարաբերությումները՝ այնուհանդերձ, Թուրքիան թույլ չի տա, որ Մերձավոր Արևելքում ստեղծվի ևս մեկ հակամարտություն, և նա միաժամանակ ցավ է հայտնել, որ այդ հակամարտությունը հատկապես սաստկանում է մահմեդական երկրներում»,- նշեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

 

Տեսանյութեր

Լրահոս