Արամ Ա կաթողիկոսն Իրանի նախագահին ցավակցական նամակ է հղել
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ խստորեն դատապարտելով Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
«Ահաբեկչությունը ներկա աշխարհում դարձել է համամարդկային չարիք: Չարիք, որն ազգ ու կրոն չի ճանաչում, չարիք, որը փորձում է քանդել բարոյական, հոգևոր ու մարդկային արժեքները և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համակեցությունը ազգերի, կրոնների ու քաղաքակրթությունների միջև»,- ասվում է Իրանի նախագահին ուղղված նամակում:
Դատապարտելով Իրանի խորհրդարանում և Այաթոլլա Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ Նորին Սրբությունը նշել է, որ ազգերը, պետություններն ու կրոնները պետք է միասնաբար պայքարեն այդ չարիքի դեմ: