Միջազգային հանրությունը վաղուց պետք է փոխած լիներ ձեռագիրն Ադրբեջանի նկատմամբ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է փոխի իր ձեռագիրն Ադրբեջանի նկատմամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի միջազգային հանրությունը պետք է փոխի ձեռագիրն այդ երկրի նկատմամբ:
«Միջազգային հանրությունը վաղուց պետք է ձեռագիրն այդ երկրի նկատմամբ փոխած լիներ: Նույն Եվրոպայի խորհրդում տեղի ունեցած վերջին քննարկումները ցույց են տալիս, որ շատ երկրներ հասկանում են, որ Ադրբեջանն անցել է բոլոր չափերը»,- ասաց Բեքարյանը:
Անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի՝ «Արցախի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» խորագրով զեկույցին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ Հայաստանը բոլոր մակարդակներում համոզվել է, որ ունի հակառակորդ, որի նկատմամբ վստահության աստիճանը բավականին ցածր է, հետևաբար, Հայաստանում չկա որևէ մեկը, ով մտածում է, որ պատերազմի հավանականություն չկա:
Նրա խոսքով, խնդրի՝ միջազգային նման ուշադրության կենտրոնում հայտնվելը մի շարք էական գործոններով է պայմանավորված:
«Առաջինը կապվում է ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, որովհետև իրենց ՝ միջազգային կառույցների համար պայմանական սովորական ռիթմը շեղվեց, հետևաբար նաև ուշադրություն գրավեց:
Երկրորդ գործոնն Ադրբեջանի հռետորաբանությունն է, որն իր մեջ հայատյացության, թշնամանքի տարրեր է պարունակում: Այսինքն՝ սա չի վրիպում նաև միջազգային կառույցների ուշադրությունից: Երրորդ հանգամանքն Ադրբեջանում տիրող ներքին իրավիճակն է, լրտեսական սկանդալներն ու տարաբնույթ ձերբակալությունները:
Սա թե՛ մեզ, և թե՛ միջազգային մեր գործընկերներին հիմք է տալիս մտածելու, որ եթե կիրառվող բռնապետական ուժը դառնում է ավելի անհամաչափ, դա ինչ-որ ձևով ժողովրդի ուշադրությունն այլ խնդիրներից շեղելու հարց է առաջացնում»,- ասաց պատգամավորը: