Google-ը, Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը և Facebook-ը գլխավորել են ամենաթանկ բրենդների թոփ-100-ը
Google, Apple, Microsoft, Amazon եւ Facebook ընկերությունները տեղ են գրավել աշխարհի ամենաթանկ բրենդների հնգյակում: Այդ մասին վկայում է WPP եւ Kantar Millward Brown բրիտանական ընկերությունների ամենամյա համատեղ զեկույցը, որը կրում է The BrandZ Global Top 100 անվանումը:
Այս տարի առաջատարների եռյակը մնացել է անփոփոխ. Amazon-ին հաջողվել է բարելավել իր ցուցանիշները եւ յոթերորդ հորիզոնականից բարձրանալ չորրորդ տեղ, իսկ Facebook-ը պահպանել է իր դիրքերը: Վերոհիշյալ ընկերությունների հասույթը կազմում է բոլոր այն 100 ձեռնարկությունների եկամուտների 25 տոկոսը, որոնք ներառված են վարկանիշում:
Հետազոտությանը մասնակցած բրենդների միագումար արժեքն աճել է 8 տոկոսով՝ 2016 թվականի 3,4 տրլն դոլարից մինչեւ 3,6 տրլն դոլար՝ 2017 թվականին: «The BrandZ Global Top 100 վարկանիշում գերիշխող դիրքեր են զբաղեցնում ինտերնետ-հսկաները, որոնք առաջին իսկ օրից գործում են համաշխարհային ասպարեզում, եւ որոնք կառուցվել են հզոր եւ ինովացիոն հարթակներում»,-հայտարարել է Kantar Millward Brown-ում BrandZ-ի ղեկավար Փիթեր Վոլշը:
Ուսումնասիրության ընթացքում վերլուծաբաններն ամբողջ աշխարհի ավելի քան 3 մլն գնորդների շրջանում հարցում են անցկացրել աշխարհի 50 շուկաներում ներկայացված շուրջ 120 հազար բրենդների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին: Բացի այդ, հաշվի են առնվել ընկերությունների ֆինանսական եւ գործարար տարբեր ցուցանիշները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: