2013 թվականից հետո առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է
Հանգստյան օրերին հաջող խաղաց ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականը, այլև Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը: Հայ երիտասարդ ֆուտբոլիստները կարողացան հաղթանակ տանել 1:0 հաշվով: Միակ գոլը հեղինակեց Հակոբ Հակոբյանը:
Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշում է, որ թիմը թարմացել է և վերջապես կարողանում է հաղթել:
Երիտասարդական հավաքականը վերջին անգամ հաղթել էր 2013 թվականին:
Արթուր Ոսկանյանը նշում է, որ նախօրոք շատ լավ ուսումնասիրել էին մրցակցի խաղը, և գիտեին, որ մոլդավացիները շատ լավ են խաղում երկրորդ հարկում, ֆիզիկապես շատ լավ պատրաստված են:
«Գոհ եմ թե՛ արդյունքից, թե՛ խաղից: Մեր թիմում ոչ միայն երիտասարդներ են, այլև 19 տարեկան պատանիներ: Մենք հավաքվել էինք ընդամենը 3 օր առաջ: Այդ իսկ պատճառով՝ գոհ եմ նաև խաղի որակից»,- նշում է Արթուր Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ այս հանդիպման միջոցով երիտասարդական հավաքականը պատրաստվում էր ԵԱ-2019-ի ընտրական փուլի՝ Ջիբրալթարի հետ խաղին:
Սիրարփի Աղաբաբյան