Մասնագետների համահայկական HayМap ցանցը կներկայացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում
«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես-ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-ին և 10-ին: Սա արդեն թվով 10-րդ հոբելյանական ֆորումն է, որ անցկացվում է Հայաստանում:
Բիզնես-ֆորումն ունի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի գործընկերն է մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառի առաջատար Cascade People & Business ընկերությունը:
Cascade people & business-ը «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում ներկայացնելու է մասնագետների համահայկական HayМap ցանցի ստեղծման գաղափարը։ Նախագծի իրականացման համար արդեն իսկ աշխատանքներ են տարվել ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում։ Հեղինակները ցանկանում են «ԴիջիԹեքի» հարթակում քննարկել HayМap-ի հետագա զարգացումը, լսել հետաքրքիր մտքեր և առաջարկներ ցանցի պոտենցիալ լսարանից, ինչպես նաև ձեռք բերել նոր գաղափարակիցներ և գործընկերներ։ Նախաձեռնողները վստահ են, որ «ԴիջիԹեքի» առաջադեմ լսարանի հետ քննարկումների արդյունքում կծնվեն հետաքրքիր մտքեր։
Cascade people & business-ի ներկայացուցիչները նշում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես իրենց աշխատանքի անբաժանելի մասն են կազմել՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, հավաքագրման, գիտելիքների ու հմտությունների գնահատման ծրագրերի տեսքով, որոնք կիրառվում են լոկալ և միջազգային հաճախորդ-ընկերությունների հետ աշխատելիս։
Cascade People & Business-ը, որը մեկ պատուհանի սկզբունքով մարդկային ռեսուրսների (ՄՌ) համալիր ծառայություններ և խորհրդատվություն առաջարկող կազմակերպություն է, տեղական և միջազգային ընկերությունների մեծ շրջանակներին ապահովում է գործնական աջակցությամբ՝ առաջարկելով ինչպես՝ անհատական, այնպես էլ՝ ամբողջական մարդկային ռեսուրսների ծառայությունների փաթեթներ:
Ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը և կառավարման գործընկեր Արմինե Հայրապետյանը վստահ են, որ իրենց գործունեությամբ բերում են փոփոխություն թե՛ մարդկանց, և թե՛ բիզնեսներին։
Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այս տարի ֆորումի ընթացքում կհայտարարվի Երևանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մասին։ Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն նախապատրաստական աշխատանքները, կներկայացվի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական և տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Սիրարփի Աղաբաբյան