«Ես հասկանում եմ տիեզերքի կառուցվածքը, բայց չեմ հասկանում Թրամփի հայտնիությունը». Հոքինգ
Աշխարհահռչակ բրիտանացի ֆիզիկոս և տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտնել է, որ հասկանում է տիեզերքի կառուցվածքի բնույթը, բայց չի հասկանում ԱՄՆ նախագահի հավանական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ժողովրդականության բնույթը:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, այս մասին Հոքինգը հայտնել է ITV հեռուստաընկերության առավոտյան շոուի ժամանակ:
«Թրամփն ընդամենը դեմագոգ է, ով, թվում էր, կարող է արժանանալ հասարակության ամենացածր աջակցությանը»:
Սթիվեն Հոքինգը կոչ է արել բրիտանացիներին հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ քվեարկել Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմում մնալու օգտին: «Անցել են այն օրերը, երբ մենք կարող էինք առանձնանալ ամբողջ աշխարհից: Հանուն մեր անվտանգության և առևտրային հարաբերությունների՝ մենք պետք է համագործակցենք երկրների խոշոր խմբերի հետ»,- ասել է Հոքինգը:
Ֆիզիկոսը նաև կարծում է, որ «ԵՄ-ում մնալը օգտակար է բրիտանական գիտության զարգացման համար»: