Գերմանիայի «ձախերի» կուսակցության առաջնորդի վրա տորթ են նետել
Գերմանական խորհրդարանում «ձախերի» խմբակցության առաջնորդներից մեկի՝ Սառա Վագեկնեխտի վրա տորթ են նետել, հայտնում է Der Spiegel-ը: Դեպքը տեղի է ունեցել Մագդեբուրգում՝ «ձախերի» կուսակցական համագումարի ժամանակ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակում գործած անձն ակտիվիստ-հակաֆաշիստ է: Նա իր ակցիան նկարագրել է որպես «Տորթեր մարդատյացների համար» հակաֆաշիստական նախաձեռնություն, հայտնում է գերմանական ամսագրի կայքը:
Ինչպես գրում է Spiegel-ը, ակտիվիստները մի քանիսն են եղել, նրանք թռուցիկներ են բաժանել սրահում, որտեղ հայտարարել են «ձախերի» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունների միջև «ազգային կոնսենսուսի» մասին:
Հարձակման պահը արձանագրել են տեսախցիկները: Վագենկնեխտին հարվածած ակտիվիստը վազում է, սակայն բռնվում է անվտանգության ծառայության աշխատակցի կողմից: Դեպքից հետո տուժածի գործընկերները նրան օգնել են հեռանալ սրահից:
Վագենկնեխտը հայտնի է Բեռլինի միգրացիոն քաղաքականության դեմ իր ելույթներով: Նա Թուրքիայի նախագահին անվանում է «ահաբեկչության կնքահայր»: