Կրճատված «պադավատները» կվաճառվեն աճուրդով
Ի՞նչ է լինելու կառավարության նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում կրճատված 800 ավտոմեքենաների հետ: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Անառողջ աժիոտաժ է այդ նախարարություններում, աշխատակիցները ուզում են իրենք էժան գնել այդ ավտոմեքենաները: Ի՞նչ է լինելու դրանց հետ»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
«Շա՞տ անհարմար պատասխան կլինի, եթե ասեմ չգիտեմ»,- հարցով պատասխանեց փոխնախարարը:
«Անհարմար չի լինի, բայց լավ կլիներ իմանայիք: Լավ արեցիք օպտիմալացրեցիք, համարենք կոռուպցիայի դեմ պայքարը դրանով է սկսվում, բա հետո՞»,- արձագանքեց Ն.Զոհրաբյանը:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ հաջորդ տարի 2016թ-ի բյուջեի կատարողականում դա կարտացոլվի:
Նիստում ներկա նախարարներն ու ԿԲ նախագահը հուշեցին, որ ավտոմեքենաները կվաճառվեն աճուրդով: