ԱԺ-ում մեկնարկեցին 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ, մեկնարկեցին 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները:

«2015 թ-ին տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը»,- ասաց նա:

Ըստ Ջանջուղազյանի` 2015 թ-ին՝ 2014 թ-ի նկատմամբ, գրանցվել է ՀՆԱ-ի 3% աճ: Ընդ որում` ՀՆԱ-ի աճին նպաստել են գյուղատնտեսությունը` 2.1 %-ային կետով, արդյունաբերությունը` 1 տոկոսային կետով, և ծառայությունները` 0.8 %-ային կետով, շինարարությունը` 0%-ային կետով: 2015 թ-ին միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ-ի նկատմամբ աճել է 7.8%-ով` կազմելով 184647 դրամ: Պետական բյուջեի պակասուրդը 2015 թ-ին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, նախորդ տարվա 1.9%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ, պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.7%: 2015 թվականի արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 41.4%: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 4740.9 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 20.6%-ով:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ որոշ դեպքերում բյուջեի կատարողականը 100%-ից բարձր է, սակայն դա միայն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում է:

«Այն առաջադրանքները, որոնք նախատեսվել են, կատարվել են ամբողջությամբ»,- ասաց Ա.Ջանջուղազյանը` հավելելով, որ մակրոտնտեսական ցուցանիշներն այնքան էլ բարվոք չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս