Թուրքիան ԵՄ է ուղարկում հիվանդ ու անկիրթ փախստականների. Spiegel
Անկարան կրթված փախստականներին չի ուղարկում եվրոպական երկրներ Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված անօրինական ներգաղթյալների փոխանակման ծրագրով, հայտնում է գերմանական Spiegel ամսագիրը:
Բրյուսելի և Անկարայի միջև փախստականների և ներգաղթյալների թվի սահմանափակման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 20-ին: Դրա համաձայն՝ բոլոր անօրինական ներգաղթյալները, որոնք մարտի 20-ից Թուրքիայից Հունաստան են ժամանելու, հետ են ուղարկվելու Թուրքիա: Դրա փոխարեն՝ ԵՄ-ն պարտավորվել է Թուրքիայից ընդունել սիրիացի փախստականների:
Պարբերականի տեղեկություններով՝ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը Բրյուսելում՝ ԵՄ փակ նիստի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիայի կողմից փոխանակման ծրագրով առաջարկած փախստականների թվում կան բազմաթիվ «բժշկական ծանր դեպքեր» և «կրթական շատ ցածր մակարդակ ունեցող ներգաղթյալներ»:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Բունդեսթագում նաև Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Օլե Շրյոդերը:
Ամսագիրը գրում է, որ վերջին մի քանի շաբաթում Թուրքիան վերջին պահին հետ է կանչել վերաբնակեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը մի շարք փախստականներից, որոնց մեծ մասը վերաբերել են ընտանիքների, որոնց հայրերը եղել են լավ կրթություն ստացած ինժեներներ, բժիշկներ կամ որակավորված աշխատակիցներ: