«Մենք կխփենք այս ինքնաթիռը». կործանված A320-ի վրա եղել է սպառնալիքներով գրություն. NYT
Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատակիցները, որոնք աջակցում էին Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիային, մոտ երկու տարի առաջ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի կորպուսի արտաքին մասի վրա թողել էին սպառնալիք պարունակող գրություն:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը մի քանի օր առաջ էր աղետի ենթարկվել: Այս մասին հայտնում է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակը:
Թերթի տվյալով՝ արաբերենով գրությունը ազդարարել է. «Մենք կխփենք այս ինքնաթիռը»:
Օդանավակայանի պահպանության աշխատակիցները դա բացատրել էին երկրում 2013թ. ստեղծված լարված իրավիճակով, որն ստեղծվել էր Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից զրկելու հանգամանքով:
Դեպքի հետևանքով EgyptAir-ն աշխատանքից հեռացրել էր մի շարք աշխատակցի, որոնք, ինչպես ենթադրվում էր, «Մուսուլման եղբայրների» կողմնակիցներն էին: Նման քայլերի էին դիմել նաև եգիպտական մյուս ավիաընկերությունները, հավելում է թերթը:
Միաժամանակ, ինչպես նշում է The New York Times-ը, անվտանգության նկատառումներով EgyptAir-ի յուրաքանչյուր չվերթում գտնվում էր անվտանգության 2 աշխատակից: Կործանված A320-ում եղել է նման 3 աշխատակից:
Եգիպտական ավիաընկերության MS804 չվերթն ուղևորվում էր Փարիզից Կահիրե: Ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: