«Դա այնպես չի, որ կախարդական փայտիկով խփենք ու անենք». Հովիկ Աբրահամյան
Կոռուպցիայի միջազգային զեկույցներում նշվում է, որ Հայաստանում կոռուպցիան էնդեմիկ և համակարգային բնույթ է կրում, առավել խոցելի են դատական, կրթական և մյուս բոլոր բնագավառները, անցած տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց չկա և ՀՀ-ն համարվում է բարձր կոռումպացված երկիր: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նշելով, որ կոնկրետ առաջարկներ կան կոռուպցիայի նվազեցման համար, պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պակասում կառավարությանը` կոնկրետ, ռեալ գործողություններ անելու համար: Ըստ Մանուկյանի` պաշտոնավարման ժամանակ հարստացած 10 մարդկանցից առնվազն 5-ը նստած են այստեղ կամ կառավարության շենքում, և կոռուպցիան ոչ թե վերևից, այլ ներքևից է սկսվում:
«Դուք ուզում եք անպայման խոսափողների և տեսախցիկների առաջ խոսեք»,- արձագանքեց ՀՀ վաչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, թե դրա համար ՀԱԿ-ն անտեսեց իր հրավերն ու բացակայեցին կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված հանդիպումից: Հ.Աբրահամյանն առաջարկեց միասին գործել: Ըստ նրա` կոռուպցիան բոլոր երկրներում բոլոր մակարդակներում եղել է. «Դա այնպես չի, որ կախարդական փայտիկով խփենք ու անենք: Պարոն Զուրաբյանը ժամանակին կարող էր անել, չէ՞, ինչո՞ւ չի արել»:
Հ.Աբրահամյանի խոսքով` բոլորը պետք է կարողանան հասկանալ մի կարևոր հանգամանք` դա մեկ օրում, մեկ ամսում, մեկ տարում չի լուծվելու: Վարչապետը վստահեցրեց, որ ինքը պատասխանատու է, կրճատումներից, ներկայացուցչական ծախսերից սկսած բոլոր քայլերով գնալու են առաջ:
«Դանդաղ շտապում ենք, բայց հիմնավոր` առանց ոչ ճիշտ որոշումներ կայացնելու»,- ասաց Աբրահամյանը:
Ա.Մանուկյանը 4 դեպք նշեց, որոնցով դիմել են դատախազություն, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել` գազի, հոսանքի, պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների անհամապատասխանության վերաբերյալ, իսկ հանրաքվեի հետ կապված 80 քրեական գործ է հարուցվել, բայց որևէ մեկով կալանք կամ ձերբակալություն չի եղել:
«Արձագանք չկա և չի լինելու, սա է կոռուպցիան,- ասաց Ա.Մանուկյանն ու հավելեց,- Եթե նման հաստափոր գործերով ոչինչ չի արվել, ես գամ ձեր նիստին մասնակցեմ, որ ի՞նչ անեմ»:
Հ.Աբրահամյանը նկատեց, որ ձերբակալություն եղել է, բայց կարճվել է: Նա զարմացավ, թե ոնց կարող է լինի հիմնավոր քր.գործ ու դատախազությունը կարճի. «Ես դատախազությանը, անկեղծ ասած, հավատում եմ: Չի կարող դատախազությունը անհիմն կարճի որևէ գործ: Մենք կաշկանդված չենք որևէ մի գործ թաքցնելու»:
Անրդադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին` վարչապետը նշեց, որ հայտարարագրման մասին օրենքը 2007թ-ից է ընդունվել, բայց դրանից առաջ կուտակված հարստության մասին չի խոսվում:
«Ես բաց եմ, պարո՛ն Մանուկայն, ես կոծկելու, թաքցնելու բան չունեմ: Ինչ կա, եկեք միասին անենք»,- հորդորեց Հ.Աբրահամյանը: