«Նման հանդիպումներից իր դժգոհությունը Ալիևը միշտ արտահայտել է ռազմական սադանքով». Ստեփան Սաֆարյան
Քիչ առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել ներդնել շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետազոտության և մոնիթորինգի մեխանիզմներ:
Ըստ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի՝ «կարծես թե վատ չեն արդյունքները Վիենայի հանդիպումից»: Իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով նախագահների հանդիպմանը՝ Ս. Սաֆարյանը նկատեց, որ Ս. Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվել են ապահովել 1994թ. հրադադարի պայմանագրի գործողությունը, ինչը Ադրբեջանը փորձում էր ուժը կորցրած ճանաչել.
«Նաև հայտարարեց, որ պայմանավորվել են ներդնել միջադեպերի հետաքննության ու մոնիթորինգի մեխանիզմ, որին նույնպես դեմ էր Ադրբեջանը։ Օրեր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե դրան կհամաձայնի, եթե հայկական ուժերը դուրս բերվեն։ Փաստացի այս մի հարցում էլ Ալիևը չափալախ կերավ։ Լավրովը նաև հայտարարեց, որ հերթական հանդիպումը կլինի առաջիկա ամիսներին, ինչը նշանակում է, որ բանակցություններ որպես այդպիսին շուտ չի սկսվի։
Լավրովը շրջանցեց Սարգսյան-Ալիև հանդիպման թեժության հարցը, ինչը նշանակում է, որ այն իրոք թեժ է եղել։ Երևանը պետք է հետևողական լինի ոչ միայն այս խնդիրների արագ լուծմանը, այլև Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելուն։ Դեռևս այս ամենից անդին ընկած մանրամասները տեսանելի չեն: Նման հանդիպումներից իր դժգոհությունը Ալիևը միշտ արտահայտել է ռազմական սադանքով։ Պետք է զգոն ու սթափ լինել»,-գրել է վերլուծաբանը։