«Ձեր կողքը կանգնած ենք, երբ սահմանին կռիվ կա, բայց դա չի նշանակում, որ ինչ բերեք, պիտի անցնի». Ա.Մանուկյան

Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը չբացառելու համար: «Մեր առաջարկները վերջնագրեր չեն, մեր առաջարկները շանտաժ չեն, երբեմն ձեր կողմից եղել են նման գնահատականեր, սրանք ուլտիմատումներ չեն, սրանք լուրջ, պատասխանատու, լուրջ, տրամաբանական, փորձված և իրականացվելիք առաջարկներ են և դրա համար են, որ մենք պնդում ենք այդ առաջարկները և շարունակելու ենք»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա, օրինակ, եթե 1991թ. ընտրողների թվից հանենք բոլոր մահացածների թիվը, գումարենք ծնվածների թիվը, որ ընտրելու իրավունք են ստացել, և նույնիսկ չհանելով արտագաղթածների թիվը, ապա չի ստացվում, որ մեզ մոտ քվեարկության իրավունք ունեցող 2.7 մլն մարդ կա: Ա.Մանուկյանը նշեց, որ տրամաբանական է և անհնարին չէ բացականերին առանձին ցուցակով ներկայացնել: Ըստ նրա` պետք է իշխանությունը կոմպրոմիսի գնա ու երաշխիքներ տրամադրի հասարակությանը: Ա.Մանուկյանի կարծիքով` մի ընտրատեղամասում 2000 հոգու քվեարկությունը հնարավոր չի լինի ապահովել ժամկետի առումով: «Կոնսոլիդացիա, կոնսոլիդացիա… հասկացանք, ձեր կողքը կանգնած ենք, երբ սահմանին կռիվ կա, բայց դա չի նշանակում, որ ինչ բերեք, պիտի անցնի»,- ասաց Ա.Մանուկյանը` հավելելով, որ դեռ ժամանակ և ցանկություն կա ընդդիմության 5 կետերն օրենքի դրույթ դարձնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս