Պաշտոնյաների խորհրդականներին և օգնականներին կրճատելու մասին պահանջները պոպուլիստական են. Դավիթ Հարությունյան

«Մեր նպատակն այն չէ, որ չլինեն հարուստ մարդիկ, այլ այն, որ լինեն հարուստներ՝ օրենսդրական դաշտում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարության և միլիոնատեր պաշտոնյաների մասին:

Նա հիշեցրեց դեկաբրիստական մի պատմություն․ փողոցում ցուցարարներ են անցնում և տատիկը, որը դեկաբրիստի կին էր, հարց է տալիս թոռնիկին՝ ի՞նչ է կատարվում, և, իմանալով, որ հարուստների դեմ ցույց է, տատիկն ասում է՝ տարօրինակ է, իսկ մենք՝ դեկաբրիստներս, ժամանակին չէինք ուզում, որ աղքատներ լինեն։

Անդրադառնալով մենաշնորհներին` Դ.Հարությունյանը հայտարարեց, որ այդ հարցը դեռ ուսումնասիրության կարիք ունի. «Եթե խոսքը վերաբերում է փողոցի մակարդակով կամ սպառողական մակարդակով քննարկումներին, միգուցե ձեր համար ոչ մի բան գաղտնիք չէ, իսկ մենք կարծում ենք, որ պետք է անպայման ուսումնասիրվի, թե որ դեպքում ինչը կարող է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը, որ դեպքում ինչը ոչ։ Սա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է»: Ըստ նրա` կան բազում խոսակցություններ, որ մաքսային մարմիններն են հիմնական խոչընդոտող գործիքը, որի արդյունքում ստեղծվում են մենաշնորհներ, սակայն պարզվել է այդ ոլորտում արդեն իսկ գործում են ակնահայտորեն երաշխավորված հավասար պայմաններ, պարզապես դրանց մասին հանրությունը տեղյակ չէ։

Նա նշեց, թե քննարկումների արդյունքում պետք է որոշել` որ ՊՈԱԿ-ը կամ որ մարմինը կրճատել, իսկ պաշտոնյաների խորհրդականներին և օգնականներին կրճատելու մասին պահանջները Դ.Հարությունյանն անվանեց պոպուլիստական։

Տեսանյութեր

Լրահոս