Իվետա Մուկուչյանն Արցախի դրոշը ցույց է տվել մարդասիրական մտահոգություններից ելնելով. Շվեդիայում ՀՀ դեսպան
Շվեդական «Աֆտոնբլադետ» օրաթերթը, անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին հայ մասնակից Իվետա Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ցուցադրմանը, նաեւ հարցազրույց է տպագրել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։
Թերթը նշել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում դրոշի ծածանումը ստացել է բարձր քաղաքական մակարդակի հնչեղություն։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը՝ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու առնչությամբ։
Չորեքշաբթի առավոտյան՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարությամբ հանդես եկավ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ, քանի որ նա կանաչ սենյակում ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ:
Ըստ շվեդական թերթի, այս հայտարարությունը կատարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության միջոցով միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ «Հայաստանի սադրանքը անընդունելի է»։
Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն այժմ քննադատում է «Եվրոպական հեռարձակողների միության» որոշումը. «Ես իսկապես հիասթափված եմ։ Միջադեպն անհարկի ուռճացվել է։ Ունկնդրելով Իվետա Մուկուչյանի մամուլի ասուլիսը, պարզ է դառնում, որ նա ցույց է տվել դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով»:
Դեսպանը պնդում է, որ միջադեպը իրականում քաղաքականացվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական հեռուստաընկերություն գլխավոր տնօրենի տեղակալ Շեյգ Մամմադովը նույն մամուլի ասուլիսում հանդես է եկել անհավասարակշիռ եւ բորբոքված քաղաքական ելույթով:
Թերթի հարցին, արդյոք, հատկապես ապրիլյան հակամարտությունից հետո այս պահին ավելի զգայուն չէր դրոշը ցույց տալը, դեսպանը հակադարձում է. «Ընդհակառակը, հակամարտության սրացումը էլ ավելի հրատապ է դարձնում մարդասիրական խնդիրների բարձրացումը։ Այս խնդիրը պետք է հաշվի առնել»։
Դեսպանը կարծում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տեղի է տվել Ադրբեջանի ԱԳՆ ճնշմանը, ինչը մերժել է «Եվրատեսիլ»-ի միջոցառման կազմակերպիչ Սիետսե Բաքերը: Նա ընդգծել է, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը կայացվել է ժողովրդավարական ոգով. «Ամենայն հարգանքով դեսպանի անձի հանդեպ, ես համաձայն չեմ նրա հետ և հուսով եմ, որ նա ընդունում է մեր տարակարծությունը, ասել է նա, ավելացնելով ԵՀՄ պաշտոնական հայտարարության մասը, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ամսվա ընթացքում լարվածության աճի պայմաններում դրոշը չափազանց զգացմունքային խորհրդանիշ է այդ տարածաշրջանում մեծ էմոցիաներ առաջացնելու համար»։
Հինգշաբթի Եվրոպական հեռարձակողների միությունը կուսումնասիրի ադրբեջանական հեռուստատեսության ներկայացուցչի բորբոքված ելույթը։
«Սակայն մեծ տարբերություն կա այն բանի մեջ, որ ինչոր մեկը ասում է ուղիղ եթերով, ինչը ղեկավարվում է խիստ և հստակ կանոններով և այն ամենի մեջ, ինչ պատահեց մամուլի ասուլիսի ժամանակ և դրանից հետո»,- ասում է Սիետսե Բաքերը:
Դեսպան Ապիտոնյանը նաեւ հարցազրույց էր տվել շվեդական ազգային TT գործակալությանը, որը տպագրել են բազմաթիվ լրատվամիջոցներ։
Հարցազրույցում դեսպանը կրկին շեշտում է իրադարձությունների արհեստական ուռճացվածությունը։
«Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կցանկանան կատարվածում քաղաքական ուղերձ տեսնել, բայց երգչուհին փորձել է իր ձայնը բարձրացնել հանուն մարդկանց իրավունքների։ Վերջին ամսվա ընթացքում հակամարտությունը խլել է մեծ թվով մարդկանց կյանքը, որոնցից շատերը շատ երիտասարդ էին: Երգչուհին փորձել է ցույց տալ, որ խաղաղություն հաստատելու կարիք կա»,- ասել է դեսպանը։
Դեսպանի կարծիքով` դրոշների խնդրի արծարծմանը նպաստել են նաեւ Եվրոպական հեռարձակողների միության ոչհստակ կանոնները, երբ սահմանվեց չթույլատրվող դրոշների ցանկ, ապա այն չեղյալ հայտարարեց, ի վերջո ընդունվեցին շատ անհասկանալի կանոններ։
Դեսպանը կարեւորում է նաեւ ստեղծագործական ազատության խնդիրը, հավելելով, որ նույն շոուի շրջանակներում որոշ ելույթներ, ինչպիսին օրինակ փախստականների շարունակվող ճգնաժամին նվիրված համարն էր, նույնպես քաղաքական բնույթ ուներ։ Դեսպանը կրկին կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սադրիչ ելույթին։