«Արցախի ճանաչման դեպքում օրակարգից կբացառվի կարգավիճակի հարցը, սակայն կմնա ևս 4 առանցքային հարց»
Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ Արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը
– Ինչպիսի՞ն է ներկայումս իրավիճակը սահմանին, շատերի մոտ մտավախություն կար, որ այս օրերին հակառակորդը կակտիվանա և դիվերսիոն գործողություններ կձեռնարկի, ի՞նչ սպասումներ ունեք:
– Վերջին օրերին իրադրությունը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար կայունացել է, սակայն կրակոցները ճակատում չեն դադարում: Հակառակորդը հիմնականում կիրառում է փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Քանի որ Ադրբեջանը պայմանավորվելու ունակ կողմ չէ, ապա չի կարելի բացառել ցանկացած պրովոկացիոն և թշնամական գործողություններ: ԼՂՀ պաշտպանության բանակն իր ձեռքում է պահում առաջնագծում նախաձեռնությունը և հուսալիորեն պաշտպանում է մեր սահմանները:
– Արցախի ճանաչման խնդիրն այսօր ամենաքննարկվողն է, Ադրբեջանը հիստերիա բարձրացրեց, ՌԴ ներկայացուցիչները բացասական արձագանքեցին, Դուք ի՞նչ կարծիք ունեք՝ հիմա պահը հարմա՞ր է:
– Ապրիլի 2-5-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը կարող է սկսել լայնածավալ պատերազմ և խափանել բանակցային գործընթացը՝ հաշվի չառնելով Հայաստանի իշխանությունների կառուցողական տրամադրվածությունն ու պատրաստակամությունը՝ գնալու փոխզիջումների: Չարդարացան նախկինում Երևանում գոյություն ունեցող մտավախությունները, թե Ղարաբաղի ճանաչումը կհանգեցնի պատերազմի կամ կխաթարի բանակցային գործընթացը:
Այժմ անհրաժեշտ է կա´մ ճանաչել ԼՂՀ-ն, կա´մ գտնել նոր հիմնավորումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում շատ քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ վերանայում են իրենց նախկին մոտեցումները: Դա ցույց է տալիս հայկական էլիտայի ճկունությունը, ինչը հուսադրող է:
Ճանաչումը կարող է փոխել Մինսկի գործընթացի տրամաբանությունը, որի համաձայն՝ ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում: Այդ պատճառով Մոսկվան ու Վաշինգտոնը բացասական արձագանքեցին, երբ Հայաստանի կառավարությունն օրակարգ մտցրեց Արցախի ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ եզրակացությունը:
Եթե Հայաստանը գնա այդ քայլին, ապա ապագա բանակցությունների օրակարգից կբացառվի կարգավիճակի հարցը, սակայն քննարկման համար կմնա կարգավորման ևս 4 առանցքային հարց: Այդպիսով, բանակցությունները չեն խափանվի: Բացի դա, ճանաչման միջոցով ԼՂՀ-ն կստանա նոր հնարավորություններ սեփական անվտանգությունն ապահովելու համար: Ուստի հակամարտության գոտում երկարաժամկետ կայունության ապահովման համար հարկ է քաղաքական առումով փոխել ստատուս-քվոն, այսինքն՝ Արցախի ունեցած զսպման ռազմական մեխանիզմները պետք է համալրվեն քաղաքական-իրավական լուծումներով՝ ԼՂՀ սուբյեկտության ճանաչմամբ և անվտանգության տարածաշրջանային համակարգում նրա ներգրավմամբ։
Հայաստանը և Արցախը պիտի պատշաճաբար օգտվեն Ադրբեջանի կոպիտ սխալից, պիտի կարողանանք այնպես անել, որպեսզի աշխարհասփյուռ հայության միասնությունը վերաճի ազդեցության գործնական լծակների։ Նկատի ունեմ այն, որ հայության միասնության ջանք ու եռանդը պետք է նպատակաուղղվի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի զարգացմանն ու ամրապնդմանը։ Մենք ռազմական ու քաղաքական իմաստով պիտի ավելի ուժեղացած դուրս գանք ստեղծված իրավիճակից:
– Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, թե՝ «ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին»: Ըստ Ձեզ՝ սա ադեկվա՞տ պահվածք է դեսպանի կողմից:
– Ռուս դեսպանը տարածված տեսանյութում չի բացառում, որ ՌԴ-ն զենք էր վաճառում Ադրբեջանին: Բայց նրա պատասխանից հետևում է, որ այժմ Ռուսաստանը դրանով չի զբաղվում: