«Դես ու դեն այս հուսահատ շարժումները ցույց են տալիս, որ Դուք խճճվել եք». Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ քառյակը դեմ էր կուտակային համակարգի ներդրմանը կոռուպցիոն և տնտեսության մենաշնորհացման պայմաններում, ժողովրդի կողմից անվստահության պայմաններում: Ըստ նրա` հնարավոր չի լինի ապահովել հիմնադրամների թափանցիկությունը:

Սակայն, ըստ նրա, մի բան, որ վատ է մեր ժողովրդի համար, դրա մեկ տարով հետաձգմանը իրենք չեն կարող դեմ լինել, բայց կողմ էլ չեն կարող լինել, քանի որ կառավարությունն ինքն էլ չգիտի, թե ինչ ուղիով է շարժվելու. «Դես ու դեն այս հուսահատ շարժումները ցույց են տալիս, որ Դուք խճճվել եք այս հարցում, բայց միևնույնն է` պահպանում եք Ձեր հավատարմությունը այս չարաբաստիկ ռեֆորմին: Իշխանության նման պահվածքի համար պատասխանատվություն մենք չենք կարող ստանձնել»:

Օրինագծի հիմնավորումները Լ.Զուրաբյանն անլուրջ համարեց և նշեց, որ պատճառները լրիվ այլ են, նման սոցիալական ծանր վիճակում այդ վճարների անհնարինությունը հասկանում է նաև կառավարությունն ու դա մարսել չի լինի: Ըստ նրա` շատ ավելի ազնիվ կլիներ, որ ծիածաղաշարժ պատճառաբանությունների փոխարեն ժողովրդին ասել, որ այս պայմանենրում պետք է ռեֆորմի կիրառումը հետաձգել: Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն:

Օրինագծով, հիշեցնենք, հարկային օրենսդրության փոփոխությունների պատճառով և դրա էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ ապահովելու համար «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը:

Տեսանյութեր

Լրահոս