«Ինչո՞ւմն է խնդիրը, որ ցանկացած ռեֆորմ մեր երկրում արժանանում է բուռն հակազդեցության». Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւմն է խնդիրը, որ ցանկացած ռեֆորմ մեր երկրում արժանանում է բուռն հակազդեցության»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով պարտադիր կուտակայինի դեմ ցույցերն ու ՍԴ դիմելը:
Ըստ նրա` պատճառը տոտալ անվստահությունն է ցանկացած փոփոխության հանդեպ, որ գալիս է վերևից, որովհետև որևէ անգամ չենք տեսել, որ որևէ փոփոխություն բերի դրական արդյունքների: Ն.Զոհրաբյանի խոսքով` ԽՍՀՄ դրամարկղերում կուտակած մեր պապերի ու տատերի ավանդների ճակատագիրը ոգևորիչ չէ. «Պիտի իզգոյ լինես, որ ներառված լինես ավանդների փոխհատուցման համակարգում»:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ պետք են գործնական քայլեր` հավատը վերականգնելու համար: Ամեն դեպքում, ըստ նրա, իրենք պետք է կողմ քվեարկեն, որովհետև գոնե ինչ-որ մի սեգմետի համար այն հետաձգում է համակարգում ներգրավվելը, թեև այս անհավասարությունը նույնպես խնդիրներ կառաջացնի պետական աշխատողների մոտ, բայց նրանք փողոց դուրս չեն գա:
Օրինագծով, հիշեցնենք, հարկային օրենսդրության փոփոխությունների պատճառով և դրա էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ ապահովելու համար «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգվում է մինչև 2018թ. հուլիսի 1-ը: