ՀՅԴ-ի առաջարկը նման է «գողերի սխոդկայում» չգողանալու մասին համաձայնագրին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ առաջարկեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն «ջենթլմենական» համաձայնագիր՝ ընտրակաշառք չբաժանելու, վերահսկման մեխանիզմներ սահմանելու։

Ա.Վարդանյանի համոզմամբ՝ դա կլինի երկրում նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման։ Սակայն քաղաքական ուժերը ոչ միանշանակ վերաբերմունք ունեն նման «ջենթլմենական» համաձայնագրերի հանդեպ։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընտրակաշառք չբաժանելու մասին ջենթլմենական համաձայնագիրը համեմատում է «գողերի սխոդկայում չգողանալու մասին համաձայնագրի հետ»։ «Ընդհանրապես կենսականորեն վատ չեմ վերաբերվում ջենթլմենական համաձայնագրին, ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենթլմեն լինեն։ Նույնն է, ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա ու ասեն՝ եկեք համաձայնվենք սրանից հետո, որ այլևս գողություններով կամ սպանություններով չենք զբաղվելու։ Ի՞նչ պետք է անի ազնիվ մարդը դրանից հետո։ Ազնիվ մարդը պետք է ասի՝ հա, լավ, ես պատրաստ եմ դա ստորագրել՝ դրանով ընդունելով, որ ինքը միգուցե անցյալում նման բաներ արել է»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը՝ մեկնաբանելով Ա.Վարդանյանի առաջարկը։

Ըստ նրա՝ ստացվում է, որ մենք գրավոր պատասխանատվություն պետք է վերցնենք՝ չանել մի բան, որ երբեք չենք արել, չենք անելու, և որի համար բոլորին քննադատել ենք. «Եթե հասարակությունը դա նորմալ համարի, մենք պատրաստ ենք»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ողջունեց համաձայնագրերի գաղափարն ընդհանրապես։ «Ցանկացած համաձայնություն, կլինի դա ջենթլմենական թե այլ տիպի, եթե այն միտված է բարելավելու պրոցեսը, ստեղծելու վստահության մթնոլորտ, իհա՛րկե կողմ եմ»,- ասաց նա։ Մ.Մելքումյանը համաձայնեց դիտարկմանը, որ, եթե իշխանությունը մերժում է ընտրակեղծիքների համար քրեական պատասխանատվություն սահմանելու առաջարկը, այդ դեպքում ջենթլմենական համաձայնագիրն ի՞նչ պետք է տա, և կարևորեց, որ պետք է լինի քաղաքական համաձայնություն. «Այսօրվա ԸՕ-ն ու Սահմանադրությունը բավարար չե՞ն, որ շատ բաներ գործեն, բայց չի գործում, չէ՞, այսինքն՝ դրա համար կամք է պետք։ Հայաստանը հակադրությունների երկիր չպետք է լինի, պետք է լինի ազգային համախմբված երկիր։ Ինչ որակի համաձայնագիր ուզում է լինի, եթե գործում է, ուրեմն օգուտ է»։

Մ.Մելքումյանն իրեն ու ԲՀԿ-ին դասեց ընտրակաշառք չբաժանող ջենթլմենների շարքին։ Իսկ թե ինչպես էր նախորդ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանում, Մելքումյանն արդեն չի հիշում։

«Ջենթլմենական» համաձայնագրին, բնականաբար, կողմ է ՀՅԴ իշխանական գործընկերը։ «Միանշանակ կողմնակից եմ, բայց այդտեղ գիտե՞ք ինչ կա, ինչքան ուզում է ջենթլմենական ստորագրություններ լինեն, առաջին հերթին՝ պետք է բոլոր քաղաքական ուժերը քաղաքական կամք դրսևորեն։ Բնականաբար, որևէ մեկ անգամ չենք ժխտում, եթե կմոտենան, առաջարկությունները կքննարկենք, կլինի որոշակի տեքստ, ես վստահ եմ, որ Հանրապետականը կմիանա այդ տեքստին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ավելին, նա սպառնալիք է տեսնում համաձայնագրից հրաժարվելու դեպքում. «Եթե առաջարկում են, ու մենք հանկարծ հրաժարվենք, կասեն՝ այլ նպատակներ կան»։

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դեմ չէ այդ «բարի մղմանը», բայց միաժամանակ նշում է. «Ոչ թե տղամարդավարի պետք է փաստաթուղթ ստորագրենք ու տեր կանգնենք դրան, այլ քրեական պատասխանատվություն պետք է սահմանենք և կիրառենք։ Օրենքով պետք է այդ ամեն ինչի դեմն առնենք»։

Ըստ նրա՝ ԸՕ-ն ուսումնասիրելու դեպքում՝ խորը կհիասթափվենք, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել։ Հ.Մարգարյանը նշեց, որ կեղծարարները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. «Ի՞նչ է, քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս»։ Նրա խոսքով՝ գրանցամատյանները կարևորագույն փաստաթղթերից մեկն են, դրանում արձանագրվում են բոլոր բողոքները, և այլն, բայց եթե չեն լրացնում գրանցամատյանները, 200 000 դրամ տուգանք է սահմանվում, եթե պարկը չկնքեն, միայն 300 000 կտուգանվեն։ «Նախ՝ պետք է օրենքով կարգավորել, հետո զուգահեռ պատրաստ ենք»,- ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն աբսուրդ է համարում նման հայտարարությանը միանալը։ ՔՊ կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ վերջին 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում կիրառվում է բացառապես իշխանական ուժերի կամ նրանց մերձ գտնվող քաղաքական մեկ-երկու ուժերի կողմից։ «Կարծում եմ, որ շատ լավ կլիներ, որ պարոն Ա. Վարդանյանն այդ ուղերձը հղեր իրենց կոալիցիոն գործընկերոջը, և ոչ թե՝ քաղաքական դաշտում գտնվող ուժերին, որովհետև նրանց գերակշիռ մեծամասնությունը ո՛չ ընտրակաշառք է բաժանում, ո՛չ վարչական ռեսուրս է օգտագործում»։

Նա նկատեց, որ հիմա էլ ՀՀԿ-ականներն ասում են, թե իրենք ո՛չ վարչական ռեսուրս են օգտագործել, ո՛չ էլ ընտրակաշառք են բաժանել, սակայն Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ գործնականում նրանք շարունակում են համատարած ընտրակաշառք բաժանելը և ընտրախախտում իրականացնելը. «Այսինքն՝ այստեղ անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՅԴ-ն ընտրախախտումները կանխելու պայմանավորվածություն ձեռք բերի իրենց կոալիցիոն գործընկերոջ հետ»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, եթե կնքվում է ջենթլմենական համաձայնագիր, ապա այդ դեպքում պետք է համաձայնագիր կնքվի, որ հարկերը վճարելու են, պետք է համաձայնագիր կնքվի, որ դատարանները նորմալ են լինելու, պետք է համաձայնագիր կնքվի, որ կոռուպցիայով չեն զբաղվելու, պետք է համաձայնագիր կնքվի, որ բյուջեն չեն թալանելու, ու նման բազմաթիվ համաձայնագրեր։

«Եվ հետո, թող մտածի այն մարդը, որ ընտրակաշառք է տալիս, իսկ բոլորն էլ գիտեն, թե ովքեր են մեր երկրում փող բաժանել։ Հայաստանում փող բաժանել են այն կուսակցությունները, որոնք եղել են իշխանության մեջ։ Նման կուսակցություն չկա Հայաստանում, որ իշխանության մեջ է եղել ու փող չի բաժանել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այս կերպ, փաստորեն, ինչ-որ համաձայնագրեր վեր են դասում օրենքից, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց. «Ըստ էության, հիմա էլ իշխանությունը, ժարգոնային լեզվով ասած, «պանյատների» շրջանակում է գործել, դրա համար էլ իրենց համար դա նորմալ եզրույթ է՝ պայմանավորվածությունը, ոչ թե օրենքով շարժվելը»։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 Ժամ»
թերթ

Տեսանյութեր

Լրահոս