Բաժիններ՝

29-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի 29-ամյա բնակիչը՝ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի ազատությունից զրկելու և հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու կասկածանքով։

2016 թվականի փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում որոշում է կայացվել՝ Ստեփանավան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Լոռու մարզի դատախազությունը մարտի 9-ին վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (ազատությունից ապօրինի զրկելը) և նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 29-ամյա տղամարդը 2015 թվականի օգոստոսից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի զրկել է ատազությունից, նրան հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառել։

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով 29-ամյա տղամարդը մարտի 25-ին ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս