Բաժիններ՝

«Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը:

Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: 2_640x420

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունն ԻՏՁՄ-ի հետ ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Բացի այդ, կառավարության և ԻՏՁՄ-ի կողմից ներկայում համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: 3_640x420

«Մեր համագործակցությունն այսուհետ ևս շարունակական բնույթ է կրելու: Մենք բաց ենք նոր ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման և համատեղ իրագործման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը»,- նշել է վարչապետը: 4_640x420

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում վարվող արդյունավետ քաղաքականությամբ: Վարչապետի խոսքով՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը մեծապես նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: 5_640x420

«Միևնույն ժամանակ, մենք չենք բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասել է վարչապետը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: 6_640x420

Համագումարի ընթացքում տեղի է ունեցել «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և ԻՏՁՄ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս