«Իրավական դաշտի պահանջները պետք է բխեն զարգացման ծրագրերից». Մ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ներկայացման հանձնարարականի կատարման շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խորհրդակցության է հրավիրել ավագ դպրոցների մի խումբ տնօրենների: Նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳ նախարարի կողմից հստակ խնդիր է դրվել, որ ավագ դպրոցները պետք է ունենան զարգացման հեռանկար, ընդ որում յուրաքանչյուր դպրոցի համար այդ ծրագիրը պետք է լինի առնձնահատուկ.
«Մենք խնդիր ունենք տվյալ փուլում վերլուծելու ավագ դպրոցների առկա ներուժը, որպեսզի կարողանանք հստակեցնել, թե որ ավագ դպրոցն ինչպիսի ուղղությամբ պետք է զարգանա»,-
դիմելով տնօրեններին ասել է Մ. Մկրտչյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ավագ դպրոցի զարգացման ծրագիր, արտահայտելով տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, իր մեջ պետք է ներառի նաև համակարգի ապագայի տեսլականը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հանձնարականի կատարումը բնավ չի ենթադրում, որ նախարարությունը մտադրություն ունի քննադատել այս կամ այն տնօրենին, դրանից բխող վարչական հետևանքներով.
«Մենք գիտենք, որ բոլոր դպրոցներն ունեն իրենց զարգացման ծրագրերը, քանի որ դա յուրաքանչյուր տնօրենի ընտրության համար եղել է օրենքի պահանջ, բայց խոսքը նոր մոտեցմամբ զարգացման ծրագրի մասին է: Ուստի մեր խնդրանքն ու պահանջն է՝ դրսևորել նոր մոտեցում: Մենք նաև խնդիր ենք դնում՝ շեշտադրել ոչ թե շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավումը, այլ առաջին հերթին դպրոցի բովանդակային զարգացման խնդիրները:
Դպրոցների շենքային և տեխնիկական պայմանների բարելավումը չենք ուզում անտեսել, սա շատ կարևոր հարց է, բայց նաև պետք է հասկանանք, որ պետությունն այս պահին բոլոր խնդիրները միանգամից լուծելու հնարավորություն չունի: Մենք ունենք այն, ինչ-որ ունենք և ավագ դպրոցի զարգացման ու կայացման խնդիրը պետք է լուծենք այս պայմաններում: Եկեք նյութատեխնիկական բաղադրիչն այս անգամ դիտարկենք երկրորդական և առաջնահերթությունը տանք բացառապես բովանդակությանը»,- նշել է Մ. Մկրտչյանը:
Տնօրեններից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայացվող ծրագիրը պետք է բխի միայն արդեն հաստատված իրավական դաշտի ու կրթական ծրագրերի պահանջներից, նախարարի տեղակալը նշել է. «Մենք խնդիր ու նպատակ ունենք վերանայելու թե´ կրթական չափորոշիչներն ու ծրագրերը, թե´ ֆինանսավորման մեխանիզմները, հետևաբար ավագ դպրոցի հեռանկարի ծրագրում պետք չէ սահմանափակվել ներկա իրավական դաշտի պահանջներով: Մենք ուզում ենք, որ ոչ թե ավագ դպրոցի զարգացման ծրագիրը բխի իրավական դաշտի պահանջներից, այլ իրավական դաշտի փոփոխությունները բխեն զարգացման ծրագրերից»,- ընդգծել է Մ. Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում տնօրենները բարձրացրել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ավագ դպրոցների կրթական ծրագրերին, հանրակրթության ավագ դպրոցի և ՄԿՈՒ հաստատությունների միջև ձևավորված մրցակցային հարաբերություններին և մի շարք այլ խնդիրների:
Հավելենք, որ ավագ դպրոցների հիմնախնդիրներին ու զարգացման հարցերին վերաբերող քննարկումները շարունակվում են, որոնց մասնակցելու են հանրապետության ավագ դպրոցների բոլոր տնօրենները:
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հանձնարականի՝ ավագ դպրոցների տնօրենները հեռանկարային զարգացման ծրագրերը պետք է ներկայացնեն երկշաբաթյա ժամկետում: