Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մի շարք բարերարների

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի և հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների այսօր պարգևատրել է պետական բարձր պարգևներով: 16410_640x420

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը: Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին, Արթին Վարդանյանը և Արուշ Եսայանը: 16411_640x420

ՀՀ Նախագահի նստավայրում երեկոյան տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության Նախագահը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և հայրենանվեր ձեռնարկումների համար շնորհակալություն հայտնել բարերարներին ու բոլոր նրանց, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել «Փյունիկ» հիմնադրամի գործունեությանը: Նշելով, որ հիմնադրամը անցած տարիների ընթացքում տարբեր ոլորտներում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրականցման նպատակով զգալի միջոցներ է ներդրել, որն արդեն մոտենում է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի սահմանին, Հանրապետության Նախագահը կարևոր է համարել ոչ այնքան այն, թե որքան գումարներ են ծախսվել, այլ «Փյունիկ»-ի հոգաբարձուների խորհրդի, անդամների, համակիրների կամեցողությունն ու շատ որոշակի գործերով ակտիվ մասնակցությունը մեր երկրի խնդիրների լուծմանը: 16412_640x420

Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Փյունիկ»-ի համահիմնադիր, բարերար Գաբրիել Չենբերջյանին՝ պետության զարգացմանն ուղղված ծրագրերին անձնական միջոցներից կատարած հատկացումների, նվիրվածության և մշտապես Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամության համար:

Իր խոսքում Նախագահը բարձր է գնահատել մեր երկրում սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր կազմակերպությունների, գործարարների կամավոր բարեգործական ձեռնարկները՝ ընդգծելով, որ նրանք, հիրավի, կարևոր ու մեծ գործ են կատարում: 16413_640x421

«Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Նալջյանը հակիրճ ներկայացնելով «Փյունիկ»-ի անցած ուղին և գործունեությունը՝ նշել է, որ սփյուռքահայ բարերար Գաբրիել Չենբերջյանի և ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի կողմից հիմնված «Փյունիկ» հիմնադրամը դեռևս 1998 թվականից բարեգործական ծրագրեր է իրականացրել սփյուռքի հայկական գաղթօջախներում: 16414_640x419

Ավելի ուշ՝ 2008 թվականից «Փյունիկ» հիմնադրամը լայն թափով լծվել է բարեգործությանը՝ կրթության, մշակույթի, արվեստի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում: «Ստեղծման օրվանից մինչ օրս հիմնադրամի գլխավոր առաքելությունն է եղել և շարունակում է մնալ մարդկային ռեսուրսների մեկտեղումը և դրանց արդյունավետ օգտագործումը՝ հօգուտ մատաղ սերնդի զարգացման և դաստիարակման: 16415_640x420

Իրավամբ կարելի է «Փյունիկ» հիմնադրամի վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումը համարել Արցախում՝ Գանձասարի վանական համալիրում, հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված «Մեսրոպ Մաշտոցի» անվան մատենադարանի մասնաճյուղը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերին: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և վերակառուցվել է Կոմիտաս վարդապետի անվան ինստիտուտ -թանգարանը: 16417_640x419

«Փյունիկ» հիմնադրամն աջակցում է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Արդեն յոթ տարի է, ինչ հիմնադրամը ֆինանսավորում է Գյումրիի երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը: 16419_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս