Անի Զախարյանն ու Դավիթ Հարությունյանը բանավիճում են

Իր սկանդալային պահվածքով հայտնի Անի Զախարյանը մտադիր է իր «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությամբ մասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այսօր ԸՕ նախագծի շուրջ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ Ա.Զախարյանը հայտարարեց, թե արհեստական մեխանիզմ է կուսակցության անդամների թիվ պահանջելը, հատկապես նորաստեղծ կուսակցությունների համար, որոնք ունեն 20-30 մարդուց կազմված առողջ կադրային բազա և հավակնում են պատգամավորական մանդատներ ստանալ:

«Կներեք, չէի ուզում ժամանակ ծախսել, թե 20 հոգանոց կուսակցությունը կարո՞ղ է մասնակցել, թե ոչ»,- ի պատասխան Զախարյանի հայտարարության, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:  Նա նշեց, որ բազմաթիվ երկրներում կուսակցությունների խոշորացման միտում է նկատվում: Հարությունյանի խոսքով՝ որոշ չափով կուսակցությունները կարող են առաջարկել թեկնածուներ, որոնք կուսակցության անդամ չեն, եթե, իհարկե, չի հաջողվում նրանց անդամագրել 20 հոգուց ավելի անձանց:

Ա.Զախարյանն անջատված խոսափողով շարունակում էր բանավիճել, սակայն լսումները նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց ելույթում արտահայտվել:

Տեսանյութեր

Լրահոս