«Ցրտահարության հասցրած վնասն անմիջապես չի երևում». Սարգիս Սեդրակյան
Ցրտահարության հասցրած վնասը հնարավոր կլինի գնահատել առնվազն 2-3 շաբաթ հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային Շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Գյուղացին ասում է՝ բերքի 90-100% չկա, բայց մինչև ցոգոլը դուրս չգա, հնարավոր չէ իմանալ: Իրենք բացում են ծաղիկը, ասում են՝ դեղնել է, բայց դեռ շուտ է: Բույսն էլ մարդու նման է, կարող է առանձին տարբեր օրգանները ցրտահարվեն տարբեր աստճանի՝ ճյուղը, տերևը, ցոգոլը և այլն»,- ասաց Ս.Սեդրակյանը:
Նա նշեց, որ ցրտահարության դեմ գյուղացիները կիրառել են ավանդական մեթոդները՝ ծխեցում, ոռոգում, բայց այս օրերին նաև ուժեղ քամի է եղել, որը ծխեցման համար վտանգավոր էր հրդեհների բռնկվելու առումով, և այդ պատճառով ծխեցում ոչ բոլոր տեղերում է արվել:
«Սպասենք մի որոշ ժամանակ, հետո պարզ կլինի»,- նշեց Ս.Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ հանրապետություն ներթափանցած սառը հոսանքների պատճառով կանխատեսվում էր, որ մարտի 17-ի գիշերը հնարավոր է, իսկ մարտի 18-19-ի գիշերը սպասվում էր ցրտահարություն: