Բաժիններ՝

Զարուհի Փստանջյանը` «Մատաղիսի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին

«ՄԻԵԴ որոշումը նախադեպային է և ինչ-որ չափով կարող է ունենալ կանխարգելիչ բնույթ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դեռևս, ցավոք, ժողովրդավար պետություն չէ և դատական իշխանությունը չի գործում, որի հետևանքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են բանտախցերում և իրական հանցագործները և, ամենացավոտն այն է, որ սպանություններ կատարողները գտնվում են ազատության մեջ: Այս վճիռը կարևոր է մեր քաղաքացիների իրավունքների համար, որովհետև 12 տարի առաջ, երբ Հայաստանը դեռ 2  տարվա անամակցություն ուներ ԵԽ-ին, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է դիմել ՄԻԵԴ և պաշտպանել իրավունքները»,- այսօր ԱԺ ճեպացրուզյուցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով «Մատաղիսի գործի» վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած վճռի մասին: Ըստ նրա՝ թեև 12 տարի անց արդարադատություն է տեղի ունեցել, այնուամենայնիվ շատ մեծ կորուստ կա, մարդիկ կորցրել են առողջությունը, պաշտպանյալներից մեկի մայրն այլևս չկա՝ առողջության քայքայման հետևանքով մահացել է. «Շատ դժվար ճանապարհ էր: Թեպետ հնչում է, որ 50 հազար եվրո տուգանքը զգալի գումար է, բայց դա երբեք չի կարող փոխարինել այն տարիները, որ այս երիտասարդները անցկացրին բանտում»: 168.am-ի հարցին, թե քաղաքական առումով ինչպե՞ս է մեկնաբանում, որ այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այժմ ընդդիմության շարքերում է, իսկ ՀՀԿ-ն էլ հայտարարում է, որ պատասխանատվություն է կրում այդ տարիների թե՛ լավի, թե՛ վատի համար, Զ.Փոստանջյանը պատասխանեց, որ կեղծարարությունը ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանով է պայմանավորված, այլ 1998 թ-ի ընտրություններով, որ ընտրությունների անցկացման գործընթացից է կախված ՀՀ-ում ժողովրդավարությունը:

«Եթե կարողանայինք անցկացնել իրապես ընտրություններ, այս համակարգը չէր կարող այսքան գոյատևել: Այդ մարդիկ չեն հեռացել, համակարգն այսօր էլ գործում է և համակարգի մարդիկ տարբեր անվանումների տակ շարունակում են գործել: Նրանք բոլորը պետք է դուրս գան՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, որովետև նրանց միջոցով է այս համակարգը ծնվել և նրանք պետք է հեռացվեն»,- ասաց Զ.Փոստանջյանը: Նրա կարծիքով՝ սա ոչ միայն անմեղ զինվորների հաղթանակն է, այլ հասարակության բոլոր անդամների, ովքեր համախմբվել են:  Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (Zalyan and Others v. Armenia (nos. 36894/04 and 3521/07)) դատավճիռը՝ ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատի մասին: ՄԻԵԴ վճռի համաձայն՝ ՀՀ կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար եվրո դրամական փոխհատուցում վճարի: Ըստ այդմ՝ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ, Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004թ ապրիլի 21-24 և օգոստոսի 24-նոյեմբերի 4 ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս