Բաժիններ՝

Զարուհի Փոստանջանն առաջարկում է ՀՀԿ-ի տատիկին տեղափոխել կառավարական ամառանոց

«Հայաստանն այլևս պաշտոնապես 3 մլն-ից պակաս բնակչություն ունի, արդյոք ժամանակը չէ՞ վերանայել պետական բարձրաստիճան պաշտոնյաների բնակվելու համար Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում գտնվող առանձատան վարձակալության հարցը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հարցադրում արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այդտեղ բնակվում են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, նաև մի շարք նախարարներ են բնակվել:

Ըստ նրա, հաշվի առնելով Հայաստանի սուղ պայմանները, այդ պաշտոնյաները պետք է բնակվեն իրենց բնակարաններում, իսկ կառավարական ամառանոցների վարձակալության գումարը պետք է ուղղվի կարիքավոր քաղաքացիներին: «1991թ-ից այս կողմ քանի՞ անտուն նախարար, քանի՞ անտուն նախագահ է այնտեղ բնակվել, որքա՞ն են կազմել ծախսված գումարները և չե՞ք պատրաստվում փոխել իրավիճակը»,- հարցրեց Զ.Փոստանջյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նման բնակելի տներ ստեղծվում են շատ երկրներում, և խնդիրը անվտանգության առումով հատուկ պաշտպանվող բնակավայր ունենալն է: Ըստ նրա՝ պոպուլիստական տեսանկյունից հարցը լավ է հնչում, բայց եթե այդ պաշտոնյաներն իրենց բնակարաններում բնակվեն, նրանց անվտանգության ապահովումը շատ ավելի թանկ կլինի: Դ.Հարությունյանը նշեց, որ այլ երկրներում նույնիսկ որսահանդակներ և այլ շռայլ ատրիբուտներ կան նման բնակավայրերում: Ընդ որում, ըստ Հարությունյանի, բարձրաստիճան անձիք իրենք իրավունք չունեն որոշել իրենց բնակության վայրը: Զ.Փոստանջյանը նշեց, որ «ՀՀԿ-ի տատիկը» բազմիցս դիմել է իրեն` բնակտարածքի հարցով և կարելի էր նաև նրան թույլ տալ այդտեղ բնակվել:

«Ձեր տատիկի վերաբերյալ ես լավ չհասկացա, թե ինչ եք առաջարկում մեզ անել: ՀՀԿ-ի տատիկը հավանաբար Ձեր տատիկն է, ՀՀԿ-ն տատիկ չունի»,- ծիծաղը զսպելով պատասխանեց Դ.Հարությունյանը և առաջարկեց ավելի լուրջ քննարկումներ անել և ԱԺ ամբիոնը չդարձնել շոուի հարթակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս