«Իշխանությունը կրում է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվություն». Լ. Զուրաբյանը՝ Օսկանյանի հայտարարության մասին
«Մարտի 1-ի բացահայտման խնդիրը մենք ի սկզբանե ենք դրել և ով միանում է դրան, դա կարելի է միայն ողջունել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմաբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի:
Մեր հարցին, թե զավեշտալի չէ՞, որ Օսկանյանն իրեն դուրս է դնում Մարտի 1-ի պատասխանատվությունից, կարո՞ղ է իշխանությունը պատասխանատվությունը կրել կատարվածի համար, իսկ առանձին ճյուղային նախարար՝ տնտեսական կամ արտաքին գործերի՝ ոչ, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Իշխանությունը կրում է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվություն, իսկ կոնկրետ հանցագորությունների համար պատասխանատվություն կրում են կոնկրետ մարդիկ, որոնք այն ժամանակ, երբ նորմալ իրավական պետություն կունենանք, բոլորն իրենց պատասխանատվության բաժինը կստանան»:
Հարցը՝ կամագործակցե՞ն, թե՞ կմրցակցեն Օսկանյանի կուսակցությունն ու ՀԱԿ-ը, Լ.Զուրաբյանին չի հուզում. «Ես ընդհանրապես չեմ ցանկանում նման հարցի վրա կենտրոնանալ, որովհետև մեզ համար իրականում գոյություն ունի մի հակառակորդ՝ դա այն ռեժիմն է, որ այսօր գոյություն ունի Հայաստանում»: Սակայն, ըստ Լ.Զուրաբյանի, եթե Օսկանյանը ստորագրի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ պահանջների պլատֆորմը, ինքը խնդիր չի տեսնում: