«Հայաստանն ամբողջովին աջակցում է Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությանը». Սերժ Սարգսյան
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Հանդիպման ժամանակ այլ հարցերից բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտահայտվել է Սիրիական ճգնաժամի վերաբերյալ:
«Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հարցում: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունը և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հավատարմությունը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Ղարաբաղյան հիմահարցի լուծմանն աջակցելու համար և վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախագահների հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը հայռուսական հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերություն:
«Մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Իհարկե, կան նաև օբյեկտիվ խնդիրներ»,-հայտարարել է Պուտինը:
Նա հավելել է, որ երկու երկրների միջև գնալով խորանում է տնտեսական համագործակցությունը:
«Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք մենք կառուցել մեր հարաբերությունների բազան: Հիմնվելով անցյալում մեր համատեղ որոշումների վրա` ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք կխորացնենք համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում:
«Ակնկալում եմ, որ կհաջողվի ձեզ հետ խոսել` որպես միջազգային այդ կազմակերպության նախագահողի, որովհետև հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության դեմ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, որպեսզի մեր սահմաններին ամեն ինչ հանգիստ լինի», ասել է նա:
Նա նաև ՌԴ նախագահին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: