Հետաքննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ
«Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ ըստ հիշյալ ապահովագրական ընկերության գրության՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հետաքննիչը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին անհայտ անձի կողմից քաղաքացի Հեղինե Ղ.-ին պատկանող «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան անզգուշությամբ վնասելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելուց հետո, Հեղինե Ղ.-ն որոշման օրինակը ներկայացրել է ապահովագրական ընկերություն, սակայն բողոք չունենալու պայմաններում` պատճառված վնասի հատուցում նրան չի տրամադրվել: Այնուհետև նույն հետաքննիչը, անձնական այլ դրդումներից ելնելով, նույն օրով թվագրված` քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ ևս մեկ որոշում է կայացրել, ստորագրել և Հեղինե Ղ.-ին փոխանցել, որում ներառել է վերջինիս կողմից հանցագործություն կատարած անձի դեմ արդեն բողոք ունենալու մասին կեղծ տեղեկություններ: Կեղծված որոշումը հատուցում ստանալու նպատակով Հեղինե Ղ.-ի կողմից ներկայացվել է հիշյալ ապահովագրական ընկերություն:
«Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գրության հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: