Բաժիններ՝

«Մենք կարող ենք դժգոհ լինել գեղասահքից, արդյունքներից, բայց մեզ մանկուց սովորեցրել են չքննարկել ժյուրիի որոշումները». Իրինա Ռոդնինան՝ Անաստասիա Գալստյանի գնահատականների մասին

Լեգենդար գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան Երևանում է: Նա Հայաստան է ժամանել «Գրիբոյեդով» բանավիճային ակումբի հրավերով և հասցրել է լինել նաև իր անունը կրող երևանյան նորաբաց գեղասահքի մարզադպրոցում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում գեղասահորդուհին անդրադարձավ ժամանակակից գեղասահքի առջև ծառացած խնդիրներին՝ նշելով, որ լուրջ արդյունքների հասնելու համար հարկավոր է ձեռնարկել և իրականացնել համակարգային փոփոխությունների մեծ ծրագիր.

«Հայաստանում եղել են ու կան գեղասահքի հիանալի մարզիչներ, ովքեր երբեմն դիմում են ինձ՝ Մոսկվայում համապատասխան աշխատանքի անցնելու համար: Պարադոքսալ իրականություն է՝ Ռուսաստանում կան գեղասահքի զարգացման բոլոր նախադրյալները, բայց պակասում են լավ մարզիչները: Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է՝ չկան բավարար պայմաններ, բայց կան հիանալի մարզիչներ: Այս թեմայով մենք նույնիսկ զրուցել ենք Նախագահի հետ և եկել այն եզրակացության, որ երկու երկրների համար էլ այս մարզաձևի զարգացման համար պետք է իրականացվեն համատեղ և համակարգված համագործակցության լայն ծրագրեր: Ես հույս ունեմ՝ երևանյան նորաբաց գեղասահքի դպրոցը լավ կամուրջ կհանդիսանա այս համագործակցության համար»:

Անդրադառնալով լրագրողներից մեկի հնչեցրած այն հարցին, որ Եվրոպայի վերջին օլիմպիադայի ընթացքում Հայկական գեղասահքի ֆեդերացիան որոշակի պատճառաբանություններով դժգոհ էր մնացել գեղասահորդուհի Անաստասիա Գալստյանի առնչությամբ ժյուրիի կայացրած որոշումներից, Իրինա Ռոդնինան պատասխանեց.

«Սկսենք նրանից, որ գեղասահքում մենք երբևէ չենք քննարկում ժյուրիների որոշումը: Այս ավանդույթը եկել է դեռ Սովետական Միության տարիներից: Մենք կարող ենք դժգոհ լինել գեղասահքից, արդյունքներից, բայց մեզ մանկուց սովորեցրել են չքննարկել ժյուրիի որոշումները: Այլ բան է, որ հիմա փոխվել են գնահատման չափանիշները, և դրանք գոնե ինձ համար, անկեղծ ասած, միշտ չէ, որ հասկանալի են: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր ժյուրին գնահատում տարիներ առաջ: Եթե նույնիսկ դու նեղ մասնագետ էլ չէիր, գոնե մոտավոր հասկանում էիր և ինքդ կարող էիր համեմատել քո գնահատականը ժյուրիի կայացրած գնահատականի հետ, որը շատ հաճախ կարող էր նաև համակարծիք դուրս գալ: Հիմա ուշադրություն դարձրեք՝ ամեն ժյուրիի դիմաց մի հաշվիչ է դրված, որով նա անընդհատ ինչ-որ հաշվարկներ է անում, էլ չեմ ասում, որ վերջնահաշիվը որոշում է համակարգիչը: Սա շատ հաճախ անհասկանալի է նաև նույնիսկ ինձ»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնի գեղասահորդուհին անդրադարձ կատարեց նաև ժամանակակից գեղասահքի մասնագիտական նորացված չափանիշներին.

«Գեղասահքի համար անթույլատրելի է դանդաղ ռիթմը: Համենայն դեպս, ռուսական գեղասահքը նախկինում և այսօր երբեք դանդաղ ընթացք չի ունեցել: Դա նույնիսկ հակասում է պրոֆեսիոնալ գեղասահքի կանոններին ու չափանիշներին, որը նույնիսկ ինձ համար հաճախ ձանձրացնող է: Ես մնում եմ այն կարծիքին, որ հայրենական գեղասահքը եղել և մնում է որպես օրինակ՝ համաշխարհային գեղասահքի պատմության մեջ, և ես կուզենայի, որ տարբեր երկրներ օրինակ և դասեր վերցնեն ռուսական գեղասահքի դպրոցից»:

Անդրադառնալով այն հարցին՝ նշմարվո՞ւմ են արդյոք այսօր ապագա գեղասահքի նոր չեմպիոններ, Իրինա Ռոդնինան պատասխանեց.

«Արդեն հաշիվս կորցրեցի, թե այս հարցն այսօր ինձ որերո՞րդ անգամն են տալիս: Ես ունեմ միայն մի պատասխան՝ ես չեմ կարող տեսնել ապագա չեմպիոնների, բայց կարող եմ տեսնել երեխաների, ովքեր օժտված են այնպիսի տվյալներով, որոնք կատարելագործելու պարագայում՝ իրենք կդառնան ապագա չեմպիոններ: Եթե բնությունը, ծնողները կամ գեներն իրենց տվել են անկրկնելի տվյալներ, ապա դա հնարավոր չէ չնկատել»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանում տեղի ունեցավ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (Հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ. որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:

Իրինա Ռոդնինան նաև ակտիվ հասարակական և պետական գործիչ է` «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ-ի և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս