Բաժիններ՝

Մասնագետը խրոնիկ հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տալիս գարնանը պարբերաբար խորհրդակցել բժիշկների հետ

Հայտնի է, որ գարնանը սրվում են խրոնիկ ընթացք ունեցող բոլոր հիվանդությունները: Ճնշման հետ խնդիրներ ունեցողները կամ սրտանոթային հիվանդությամբ տառապողները հատկապես գարնանը պարբերաբար պետք է խորհրդակցեն բժիշկների հետ, ճշգրտեն իրենց դեղահաբերի ցուցակը և բուժման հարցում ինքնագործունեությամբ չզբաղվեն: Այս մասին փետրվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սրտաբան Մարինե Օրդյանը:

«Սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում ունեցողների վիճակը գարնանն ավելի է սրվում, ինչը պայմանավորված է ոչ միայն եղանակային փոփոխություններով, այլև արեգակնային ակտիվության ընթացքով, մթնոլորտային ճնշման տատանումներով և այլն: Գարնանը ավելանում է նաև զարկերակային ճնշման անկում ունեցողների թիվը, ինչը հատկապես տարածված է երիտասարդության շրջանում»,- ասաց Մարինե Օրդյանը:

Մասնագետի խոսքով` խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս շատ վիտամիններ, վարել ֆիզիկական ակտիվ կյանք և ավելի շատ ժամանակ անցկացնել բնության գրկում:

«Գարնանը բարձրանում է նաև ուղեղանոթային հիվանդությունների ռիսկը: Ճնշման մեծ տատանումները կարող են հանգեցնել ուղեղի կաթվածի բարձր հավանականության: Ցավային համախտանիշները նույնպես այս օրերին բավական սրվում են»,-նշեց նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

Նա խորհուրդ տվեց գարնանն առաջացող առողջական խնդիրները չվերագրել միայն եղանակային փոփոխություններին և անպայման բուժզննում անցնել` հետագա բարդացումներից խուսափելու նպատակով: Բնության գրկում երկար ժամանակ անցկացնելը կօգնի մարմնին սովորել եղանակային ՙշոկերին՚, ինչի արդյունքում մարդն արդեն ավելի քիչ խնդիրներ կունենա գարնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս