Բաժիններ՝

«Սա ոչ այլ ինչ է, քան մահվան քաղաքականություն». Դեմիրթաշ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բաթմանում հայտարարել է, որ երկրի իշխանությունները սպառնում են իրենց հետ անել այն, ինչ «1915-ին արել են հայերի հետ»: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դեմիրթաշը մասնակցել է Բաթմանում կազմակերպված խաղաղության հանրահավաքին, որի ժամանակ էլ խոսել է թուրքական իշխանությունների կողմից իրականացվող «զուլումի քաղաքականությունից»: «Ձեր քաղաքականության պատճառով միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հազարավոր մարդկանց մահվան պատճառ եք դարձել: Հավաքվել ենք այստեղ ցույց տալու, որ այս քաղաքականությունը ոչ ոքի չի վախեցրել: Նրանք ցանկանում են ասել, թե «Սրանք ռուսների հետ համագործակցող հայերի նման են: Ինչ հայերին արեցինք 1915 թվականին, նույնն էլ ձեզ ենք անելու»: Սա ոչ այլ ինչ է, քան մահվան քաղաքականություն»,- նշել է Դեմիրթաշը:

Նա մեղադրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու դրա ղեկավար, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին երկրում քրդերին ճնշելու ու նրանց գոյությունը հաշվի չառնելու համար: «Անտեսելով քրդերին՝ նրանք չեն անհետանում: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քրդերին չի դիտարկում որպես ժողովուրդ: Կարծում են, թե քրդերը սխալմամբ երկնքից են ընկել: Սակայն իրենցից բացի էլ ո՞ւմ կարող են այդպիսով խաբել: Նման մանկական ստերով ու քաղաքականությամբ իրենք իրենց ամբողջ աշխարհով մեկ խայտառակ են արել»,- ընդգծել է Դեմիրթաշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս