Բաժիններ՝

Հայաստանում ապրող Ադրբեջանից բռնագաղթած 900 հայ ընտանիք սպասում է իր բնակարանային խնդրի լուծմանը

Հայաստանում ապրող Ադրբեջանից բռնագաղթած 900 հայ ընտանիք սպասում է իր բնակարանային խնդրի լուծմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Ժամանակին դոնորների համաժողով կազմակերպեցինք, շուրջ 50 երկրների կառավարություներ էին հրավիրվել, եկել էր ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը: Այդ ժամանակ միայն Բրազիլիայի կառավարույթյան կողմից տրվեց 50 հազար ԱՄՆ դոլարի օգնության խոստում: Իհարկե, կարելի է մյուս երկրներին հասկանալ, որովհետև, ցավոք սրտի, աշխարհի տարբեր վայրերում առկա «թեժ» կետերով պայմանավորված` փախստականների նոր ալիք է բարձրանում: Միջազգային հանրությունը ջանում է նոր ծագած հրդեհները մարել, ինչպես Սիրիայում, Իրաքում»,- ասաց Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, այսօր Ադրբեջանից բռնագաղթած մեր հայերենակիցների բնակարանային խնդիրների լուծման բեռն ամբողջութամբ մնացել է Հայաստանի կառավարության ուսերին:

Դեռևս 2004 թվականին կառավարության կողմից հաստատվել էր ծրագիր, որով պետք է լուծվեր առավել կարիքավոր փախստականների բնակարանային խնդիրը: Մինչև 2009 թվականը 1100 ընտանիք սերտիֆիկատ ձեռք բերեց և դրա շնորհիվ բարելավեց բնակարանային պայմանները: Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ, 2009 թվականից հետո բյուջեում այդ ծրագրրի համար գումար չի նախատեսվում: Եվ Ադրբեջանից բռնագաղթված 900 ընտանիք սպասում է իր բնակարանին:

«Այդքան տարվա ընդմիջումից հետո փախստականների բնակարանային խնդիրների լուծման գործում դրական տեղաշարժ նկատվեց: 2015 թվականին 43 փախստական ընտանիք ստացավ բնակարան: Կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ քանդման ենթակա շենքերի փոխարեն նոր շենքեր են կառուցվել և բնակիչներին, այդ թվում փախստականներին հատկացվել են բնակարաներ: 26 տարի ծայրահեղ պայմաններում ապրող 43 ընտանիք վերջապես կարողացել է բարելավել բնակարանային պայմանները»,-հավելեց Գագիկ Եգանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս