Բաժիններ՝

Պարզվել են 82-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 82-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016թ. փետրվարի 20-ին՝ ժամը 11:55-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «գանգուղեղային տրավմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխել 1934թ. ծնված Պարգև Կարո-Յակոբյանը, ով նույն օրը՝ ժամը 23.30-ին, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 2016թ. փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ 82-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ դեպքի օրը տուժածը հյուրընկալել է երկու անձի, զրուցել, կազմակերպել փոքր հյուրասիրություն։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հյուրընկալվածները բռնություն են գործադրել 82-ամյա տղամարդու նկատմամբ, հափշտակել գումար, գույք և հեռացել։

Քննությամբ պարզվել է նշված անձանց ինքնությունը, կատարվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ժամկոչյանին փետրվարի 24-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատահետքաբանական և դատակենսաբանական, դատաբաժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս